Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«առաջին գրքույկը» բաղկացած վեց գլուխներից (անվանաթերթի երկրորդ երեսին նշված է. «Дозволено цензурою, Тифлис, 17-го марта. 1888 г.»).

1889 թ. լույս է տեսնում վեպի «երկրորդ գրքույկը»՝ բաղկացած յոթը գլուխներից։ Անվանաթերթի վրա նշված է գրաքննիչի թույլտվության նույն ամսաթիվն ու տարեթիվը, որ կնշանակի, թե՝ երկու գրքույկներն էլ հեղինակը միասին է ներկայացրած եղել գրաքննության, բայց դրանց տպագրությունը միասին հնարավոր չի եղել։

«Երկրորդ գրքույկի» հրատարակությունից մոտ 12 տարի հետո միայն՝ 1901 թվականի սկզբին, լույս է տեսնում վեպի վերջին մասը՝ «Երրորդ գրքույկը», որը բաղկացած է մեկ ընդարձակ գլխից՝ «Աշըղություն և որսորդություն» վերնագրով։ Այս գլուխն էլ (ինչպես և նախորդ գրքույկների մի շարք գլուխներ) կար 1867 թ. հրատարակության մեջ («Աշըղություն, վարժապետություն և որսորդություն» վերնագրով), բայց այստեղ զգալի չափով վերամշակված ու ընդարձակված է այն։

Նկատի ունենալով իր վեպի ժանրային առանձնահատկությունը, որպես ինքնակենսագրական վեպի (կամ վիպական ինքնակենսագրության), հեղինակը առաջին (1867 թ.) հրատարակությունից հետո՝ վերամշակելով ու «գրքույկների» վերածելով այն՝ մտադրվել էր շարունակել, ավելացնել նորանոր «մասեր» կամ «գրքույկներ», որոնք ընդգրկելու էին իր կյանքի հետագա (60—80-ական թվականների) շրջաններն էլ։

«Հերոսն այստեղ (այսինքն վեպում. — Ա. Ա.) զարգացման ճանապարհի վրա է դրված,— գրում է Աղայանն իր հուշագրքում,— սրա համար այս վեպը կարող է շարունակվել հեղինակի զարգացման հետ և դառնալ մի կենսագրություն, ժամանակակից անցքերի հետ կապված» (հ. 3, էջ 80)։

Ահա այդ առումով Աղայանը մտադրություն է ունեցել «Արություն և Մանվել»-ի շարունակությունը դարձնել իր՝ «Մի երես մեր նորագույն պատմությունից» պատմա-հուշագրական ակնարկը և նույնիսկ «Իմ կյանքի գլխավոր դեպքերը», իհարկե, համապատասխան վերամշակումից հետո միայն։ «Բայց,— գրում է Աղայանն այդ մասին,— ինչ-ինչ պատճառներով այդ չհաջողվեց և ես ստիպվեցա զանազան փոփոխությոմւներով տպել առանձին հիշյալ աշխատությունները» ն. տ.)։

Ահա, մասամբ և այս հանգամանքով է բացատրվում այն, որ «Արություն և Մանվել»-ի վերամշակված հրատարակությունը իրականացվում է միայն բավական երկար ժամանակի ընթացքում։


* * *

Նախասովետական շրջանում, 1901 թվականից հետո՝ «Արություն և Մանվել»-ը նոր հրատարակություն չունեցավ։

Սովետական շրջանում առանձին գրքով չի հրատարակվել։ Առաջին անգամ այն վերահրատարակվել է նախորդ չորսհատորյակի 2-րդ հատորում