Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(էջ 1-164), «երկրորդ գրքույկի» Ե. գլխի մասնակի կրճատումով, որը վերականգնվում է այս հրատարակության մեջ։

Ներկա հրատարակության տեքստը պատրաստված է հեղինակի կենդանության օրով եղած վերջին հրատարակության հիման վրա։


«ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ»
(159—240)

Աղայանն իր այս երկը գրել է 1872-թվականի մարտին կամ ապրիլին՝ Ալեքսանդրապոլում, որտեղ նա ուսուցիչ էր 1871-72 ուսումնական տարվանից մինչև 1876 թ. մարտի սկիզբը։ Վեպի գրության և առաջին տպագրության ամիսներն էլ կարելի է որոշել հետևյալ փաստերով։ «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրքում Աղայանն ասում է, որ «այստեղ (իմա— Ալեքսանդրապոլում—Ա. Ա,) գրեցի և իմ «Երկու քույր»֊ը (հ. 3, էջ 152). իսկ թե ո՞ր ամսին, չի ասում։ Բայց նշում է, որ նախքան «Երկու քույր»-ը, նա գրում է «Ղարաբաղի բարբառով մի առակ», «Մշակ» թերթի համար, որին խոստացել էր աշխատակցել դեռ նախորդ տարի՝ Մանգչիսում՝ Գր. Արծրունու հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Եվ երբ, 1872 թ. սկզբին (ըստ երևույթին փետրվարին), ստանում է Ստ. Պալասանյանի նամակը («որ գրել էր խմբագրության կողմից և հիշեցնում էր խոստումս»)՝ «Ձեռաց մի առակ գրեցի Ղարաբաղի բարբառով, խոստանալով, որ շուտով մի վեպ կուղարկեմ իրանց։ Առակը տպվեց «Մշակ»-ի սկզբի, կարծեմ յոթերորդ համարում, Փրեյդուն ստորագրությամբ» (հ. 3, էջ 152), Ղարաբաղի բարբառով գրված այդ առակը տպագրվել է «Մշակ»-ի նույն աարվա (1872 թ.) ոչ թե յոթերորդ, այլ իններորդ (մարտի 2-ի) համարում, իբրև նամակ-«ֆելիետոն»՝ «Պարոն կազեթ Կրեօղ» վերնագրով՝ Փրեյդում (և ոչ թե՝ Փրեյդուն) ծածկանուն ստորագրությամբ։

«Սրանից (այսինքն՝ հիշյալ «Առակից») հետո, ահա,— շարունակում է Աղայանը,— ես անմիջապես գրեցի «Երկու քույր»-ը մի շաբաթվա մեջ և ուղարկեցի Պ․ Սիմոնյանցին, խնդրելով, որ սրբագրությունը նա տեսնե» (ն. տ. էջ 153)։

Սիմոնյանցը «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր Պետրոս Սիմոնյանցն է, որն և ստանում է Աղայանի վեպն ու կազմակերպում դրա հրատարակության գործը։

Պարզ է, որ դա հենց այն «վեպն» է, որ հեղինակը խոստացել էր ուղարկել «Մշակ»-ի խմբագրությանը։ Իսկ թե ինչո՞ւ Աղայանը Գր․ Արծրունուն տված իր խոստումը չի կատարում, բավականաչափ պարզ չէ։ Նկատի ունենալով, որ «Ղարաբաղի բարբառով առակ-«ֆելիետոնը» տպագրվել է «Մշակ»-ի 1872 թ. մարտի 2-ի համարում, ապա «սրանից հետո անմիջապես» ասելով պիտի հասկանալ մարտը, կամ թերևս ապրիլը, համենայն դեպս ո՛չ ուշ հուլիսից, քանի որ վեպի առաջին հրատարակության գրաքննական թույլտվությունը