Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղինակային սևագրի և մաքրագրի միջև նույնպես զգալի տարբերություններ կան, որոնք վկայում են այն մասին, որ՝ ինչպես ճիշտ կերպով նկատել ու նշել է գրականագետ Խ. Ս. Սարգսյանը, տպագրության համար պատրաստելիս՝ «Նախ ինքը Աղայանն է փորձել քաղաքական իմաստով մեղմացնել իր ակնարկները» ցարիզմի քաղաքականության հասցեին («Գրական ժառանգություն» 1-ին գիրք. 1940 թ., էջ 450)։ Բայց, այնուամենայնիվ, դրանից հետո էլ գրաքննությունն է շարունակել այդ «մեղմացումը» այնպես, որ թերթում տպագրելիս՝ հեղինակային տեքստը նկատելիորեն խեղաթյուրվել է։

Բերենք մեկ-երկու օրինակ վիպակի չորրորդ («Երկու պատճեն և երկու լուսավորիչ») գլխից։ Այստեղ Թեմական տեսուչը և «հակազգային կրթության» (այսինքն՝ մայրենի լեզվի փոխարեն հայկական դպրոցում «օտար լեզվին» գերազանց նախապատվություն տալու ուղղության) ներկայացուցիչը վիճելիս՝ օտարամոլ «մանկավարժը», ի հակադրություն հայրենասեր ու ժողովրդանվեր տեսչի, պնդում է, թե՝ ինչու հայկական դպրոցում պետք է բացարձակ նախապատվություն տալ «օտար լեզվին», իսկ մայրենի լեզուն հայ աշակերտները կարող են և չսովորել։

Օտարամոլ «մանկավարժն» իր «տեսությունը» հիմնավորում է այսպես.

«․․․Էլ ի՛նչ ես ուզում, տեսնում ես, որ ամենայն ինչ փոխվում է և փոխվում է [այնպես, ինչպես որ տիրող քաղաքական օրենքներն են պահանջում]: Այդ ո՞ր մանկավարժությունն է, որ հերքում է այդ աշկարա բանը, ո՞ր մանկավարժական օրենքներն են, [որ քաղաքական օրենքների դեմ մրցելու չափ ուժ ունեն], մեկ ասա տեսնեմ...»։

Այս քաղվածքից փակագծերում բերված և ընդգծված արտահայտությունները «Մեղու Հայաստանի»-ում չեն տպագրվել, ինչպես նաև այդ առթիվ թեմական տեսչի հետևյալ խոսքերը, որ ասում է նա ի պատասխան խոսակցի, թե՝ [«Քաղաքական օրենքներից ավելի մեծ օրենքներ կան, դոքա ասվում են պատմական օրենքներ»]:

Այդ «արդարապատ, աստվածային օրենքների հիման վրա... միշտ թմրած չի մնալ մեր ժողովուրդը [կզարթնի նրա ինքնասիրությունը, ինքնապատվությունը, այդ կետին նրան կհասցնի ժամանակակից համաշխարական անիվը առաջ շարժող ազգայնության հոգին»]:

Աղայանի այս երկը առանց այդ աղճատումների՝ «Մեղու Հայաստանի»-ից մոտ վաթսուն տարի հետո առաջին անգամ տպագրվում է ԽՍՀՍ Գիտ. ակադեմիայի Հայկական ֆիլիալի Գրականության և լեզվի ինստիտուտի հրատարակած (1940 թ.) «Գրական ժառանգության» առաջին գրքում (էջ 243—448), գրաքննական կրճատումների ու բաց թողումների վերականգնումով և համապատասխան ընդարձակ ծանոթագրություններով (ն․ տ․, էջ 449—464)։

Այդ շնորհակալ աշխատանքը տեքստաբանական հմտությամբ կատարել է գրականագետ Խ. Ս. Սարգսյանը։

«Գրական ժառանգության» այդ գրքում վիպակի ամբողջական ինքնագրի հիման վրա պատրաստված տեքստի հետ միասին՝ «Ծանոթագրությունների»