Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրական թյուրիմացություն է, քանի որ վիպակն այդ համարում ամբողջանում, ավարտվում է ըստ իր բովանդակության։ Հավանական է, որ հանդեսի գրաշարը՝ նախորդ համարներում տրված «Կըշարունակվի»-ն մեքենայորեն դրել է նաև վերջին հատվածի վերջում։

Վիպակի գրության առիթը և բովանդակությունը ինքնակենսագրական հիմք ունի, այդ մասին վկայում է նաև հեղինակի որդին՝ երաժշտագետ Մուշեղ Աղայանը։ Վիպակում «բաժանությունը» տեղի է ունենում չորս եղբայրների միջև։ Աղայաններն էլ չորս եղբայր են եղել (Արություն, Ղազարnս, Սարգիս և Գրիգոր), որոնք իրենց հայրական ժառանգությունը (տներ, այգիներ, և այլն) բաժանել և ինքնուրույն տնտեսություն են կազմել 1882 թվականի սկզբներին։ Աղայան եղբայրների այդ «բաժանաթյան» մասին վկայող մի վավերագիր է վիպագրի՝ 1882 թ. հունիսի 26-ին հայրենի գյուղից՝ Բոլնիս֊Խաչենից Թբիլիսի՝ իր կնոջն ուղղված նամակը, որով տեղեկացնում է, թե ինքն՝ «...Ահա մեկ շաբաթ է, որ գյուղումն եմ... եղբարքս ուզում են բաժանվել և խնդրում են ինձ, որ քանի այստեղ եմ, բաժանիմ։ Պատճառը Գրիգորն է, նա չի բարըշում մյուսների հետ։ Ուրեմն ես այստեղ փոքր ինչ կուշանամ։ ...Իմ մնալը հարկավոր է, որովհետև եթե ես այստեղ չը լինեմ, միմյանց կը զրկեն։ Ես պետք է մնամ, որ տեսնեմ՝ ինձ ի՛նչ են տալիս և իմ բաժինս կարգադրեմ» (Հայկ. ՍՍՌ ԳԱ Գրականության և Արվեստի թանգարան, Աղայանի ֆոնդ, № 162)։

Ինքնակենսագրական ատաղձ ունենալով հանդերձ՝ «Բաժանությունը»-ը գեղարվեստական լայն ընդհանրացում է ներկայացնում։ Ինքնակենսագրական փաստը և նմանօրինակ իրական այլ փաստեր էլ նկատի ունենալով՝ հեղինակը հանգել է իր ժամանակի մասնավորապես գյուղական կյանքի՝ հողային ու գույքային սեփականության բաժանման հանրանշանակ պրոբլեմի քննարկմանը։

«Տարազ»-ում լույս տեսնելուց հետո, մոտ քսան տարի անց, «Բաժանություն»-ը երկրորդ անգամ տպագրվել է «Հայ գրողներ»֊ի առաջին հատորում (էջ 46—76), նախորդի համեմատությամբ աննշան փոփոխություններով։

Սովետական շրջանում առաջին անգամ տպագրվել է հեղինակի երկերի նախորդ չորսհատորյակի երկրորդ հատորում (էջ 269—307) մասնակի կրճատումներով, որոնք վերականգնված են այս հրատարակության մեջ իրենց տեղերում՝ առանց նշումների։

Ներկա հրատարակության տեքստը պատրաստված է «Հայ գրողների»֊ի 1-ին հատորում տպագրվածի հիման վրա։


ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

(343—390)

Գեղարվեստական արձակի այս ժանրը (պատմվածք) Աղայանի ստեղծագործության մեջ երևան է գալիս 70-ական թվականների երկրորդ կեսից