Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ հեշտությամբ անգիր էր անում, նմանապես և ամեն մի լսած խաղ, երգ, թեկուզ լիներ թուրքերեն, պարսկերեն, կամ զանազան լեզուների մի խառնուրդ, նրա համար միևնույն էր, բառ առ բառ դասավորվում էին նրա մտքումը, այսպես և ամեն մի լսած առակ, հեքիաթ։ Ինչպես որ ուներ սուր հիշողություն, նույնպես ուներ և յուր հիշողությունն ամբարելու մի անկուշտ փափագ։ Բայց գալով նրա դատողությանը, նրա խելքին, շատ միամիտ էր։ Իր հասակակից բոլոր երեխայքը նրանից խելոք էին. նրանք դատելու, հավանելու, չհավանելու, ընտրելու, մերժելու հատկություն ունեին։ Բայց պետք է ասենք, որ Արությունի հիմարությունը մի բախտավորություն էր և ոչ անբախտություն։ Ուսումնատվության այդ բարբարոս և խավար ժամանակը ոչ մի խելոք երեխա գիր չէր սովորում, նրա խելքումը չէր մտնում, նրա խելքը հակառակում էր, թեև բնազդմամբ, որ այդ ձևով սովորել անհնարին է։ Այդ պատճառով այդ հիմար ձևի տակ ընկճվում էին մեկ այն երեխաները, որոնք լինում էին դատողությունից զուրկ, խեղճ և միամիտ, և մեկ էլ այն երեխաները, որոնք կարգե դուրս հիշողություն էին ունենում։

Արությունը բախտավոր էր և այն կողմից, որ նա չընկավ կոպիտ խալիփաների ձեռք, այլ Մանիշակի, որ շատ քնքուշ մի էակ էր։ Նա սիրեց Արությունին մորից առավել։ Ճշմարիտ է, Մանիշակի քնքշությունը Արությունին ավելի ևս քնքշացրեց և շինեց մի անմեղ գառն գայլերի մեջ, բայց և շատերի աչքն էր ընկնում նա իբրև մի անսովոր շնորհալի երեխա։

Այսպես երբ որ Արությունը տասը տարեկան էր արդեն, մեկ անգամ Շամշուլդու նորընծա տեր Պետրոս քահանան եկավ Խաչեն և իջավ Արությունի հոր՝ Ավետիքի մոտ։ Տեր հայրը յուր ուսումն ստացել էր Սանահնի վանքումը, ուր նրա ժամանակ մի քանի գիտուն վարդապետներ կային։ Սա տեսավ Արությունին, տեսավ նրա ժամասացությունը, գրավարժությունը, ձայնի հաջողակությունը և շատ հավանեց, համարելով նրան մի ինքնաբույս ծաղիկ Խաչեն անապատում։ Ինքն իրան մի հանճարավոր մանկավարժ կարծելով՝ Արությունի երեսի գծագրությունը համեմատեց էֆիմերտեի դիմազննական բացատրությունների հետ ու եզրակացրեց, որ