Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նաև հավետ աղոթեսցես,
Զկույսին միջնորդ քեզ արասցես․
Ոչինչ շնորհ ինչ լիցի քեզ,
Թե կույսն իցե առ քեզ անտես։

Այս պատճառով Արությունի խաչ ու Ավետարանը դարձավ Աստվածածնի միակ պատկերը, որի առջև ստեպ-ստեպ ծունկ չոքելով՝ միշտ այս էր կրկնում. — «Դո՛ւ, ո՛վ տիրամայր, դո՛ւ, որ բթամիտ Ալբերտին տվել ես այնպիսի հիանալի շնորհք, ինձ էլ տուր»... Արությունի հոգին վերանում էր Աստվածածնի պատկերի առջև և նրա աչքերը լցվում արտասուքով։ Նա չէր ուզում վեր կենալ տեղիցը, մինչև չէր զգում մի հանկարծակի տաքություն և աչքերի մթնումն։

Տեսնելով, որ Արությունը շատ է ճնշում իրան, մանավանդ պահելով ս. Կարապետի պասը, որ նրան զարդարեր հիանալի շնորհքով, հետզհետե նվազում է և կորցնում առողջությունը, տեր հայրն ազատեց նրան Ալբերտի ձեռից և թույլ տվավ, որ ազատ ման գա, խաղա, որքան կամենում է։ Բայց մտածողությունն արդեն սկսել էր ներս սողալ Արությունի ուղեղի մեջ։ Նա յուր ազատ ժամանակը, ծառերի տակ, զովարար ստվերներում նստած, քարոզներ էր գրում, կամ ոտանավորներ հյուսում, որ տեսնե, թե ս. Կարապետը կամ Աստվածածինը որքան շնորհք են ավելացրել։

Այսպես՝ թեպետ տեր հայրն այլևս չէր դաս տալիս Արությունին, բայց երբ գյուղից քեթխուդաները՝ պարապությունից՝ հավաքվում էին տերտերի մոտ զրույց անելու, տեր հայրն այդ ժամանակ կանչում էր Արությունին և հարցնում արդեն սովորած դասերից։ Այսպես տեր հայրը մի քանի բառ հոլովել ու մի քանի բայ խոնարհել տալուց հետո՝ հարցնում էր Արությունին.

— Ի՞նչ կնշանակե բառս՝ վարունգ։

— Խիա՛ր,— պատասխանում է Արությունը։

— Խարբուզակին գրաբառ ի՞նչ կասեն։

— Սե՛խ։

— Ձմերուկի՞ն։

— Մեղրա՛պոպ։

— Ըստ մասանց բանի զի՞նչ է բառս՝ «հուշկապարիկ»։