Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

— Է անուն,— պատասխանում է Արությունը, բայց քեթխուդեքն ուզում են իմանալ, թե ի՞նչ ասել է «հուշկապարիկ». ընդհատում են տերտերի հարցաքննությունը և խնդրում են, որ նա առաջ մեկ բացատրե այդ բառի ստուգաբանությունը։ Տեր հայրն իսկույն նույն բառի նշանակությունը հարցնում է Արությունին, որով ուզում է ցույց տալ, թե այն, ինչ որ իրանից են ուզում իմանալ, իր աշակերտն էլ գիտե։

— Ի՞նչ ասել է «հուշկապարիկ», Արություն.

— «Հուշկապարիկ» են ասվում այն կենդանիքը, որոնք կեսից վեր ուրիշ կենդանի են, կիսից վայր՝ ուրիշ։ Օրինակ՝ կան այնպիսի կենդանիք, որոնք գոտկից վերև կնկա նման են, իսկ գոտկից ներքև՝ ձկան, թռչունի, իշի և այլն։

Այս բացատրությունը լսելով քեթխուդաներից շատերը զարմանում էին, իսկ ավելի ծերերը այդպես բաներ շատ լսած լինելով՝ շատ չէին զարմանում և ասում էին.

— Աշխարհքումս ինչ ասես, թե չկա. ասած է՝ «Շատ ապրողը չի շատ բան գիտենալ, շատ ման եկողը կգիտենա»։ Մեկ անգամ մի մղդսի էր եկել մեր գեղը, էլ աշխարհք չէր թողել, չիմ էլ ման էր եկել, Հնդստան, Արաբստան, Հաբեշստան, Չինմաչին, Փռանգստան... մի խոսքով՝ էլ աշխարհք չէր թողել, չիմ էլ ոտի տակն էր տվել։ Ի՞նչ ասես, թե նրա գլխովը չէր անց կացել։ Է՛ն բաներն էր պատմում, որ լսելիս մարդի մազերը փշաքաղվում էին։ Ասում էր մի աշխարհք ընկա, էնտեղի մարդիքը շների նման էին...

— Էդ ճշմարիտ է. «շնագլուխների» աշխարհքն է եղել,— ասաց տեր հայրը։

— Տերտեր ջան, քու կարգին մեռնեմ, նա մղդսի մարդ էր, Երուսաղեմի լուսը տեսած, մեռնեմ զորությունին, սուտ ի՞նչպես կասեր։ Ասում էր մի աշխարհք ընկա, էնտեղի մարդիկը՝ հատ աչքանի էին։

— Ճշմարիտ է,— հաստատեց տեր հայրը,— նրանց կասեն «քյալլա-գյող», «թափա-գյող», որ կնշանակե «ճակատ-աչք», որովհետև ունեցածները մի աչք է, էն էլ ճակատի մեջտեղը։

— Ասում էր՝ մի աշխարք ընկա, էնտեղի մարդոց հասակը մի թիզ էր...