Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ճշմարիտ է, դա ասվում է «Թզկաց աշխարհ»...

— Ես ի՞նչ գիտեմ, էնքան բաներ էր ասում, որ ես ո՞ր մեկն ասեմ... Հապա՞, մենք ի՞նչ ենք տեսնում էս ձորի միջին։ Ուսում էլա չունինք, որ բան գիտենանք, հիմի մենք էդ երեխի չափ բան չենք գիտում... Ա՛յ մեր տերտերը, ճշմարիտ է, շատ տեղեր չի ման եկած, բայց գետնքի տակ ու գլուխը գիտե. ինչո՞ւ, որովհետև ինչ ասես գրքերումը գրված է...

Տեր հայրը շարունակում էր յուր հարցաքննությունը։ Հարցնում էր աստվածաբանությունից և ուրիշ դասերից, Արությունն էլ համարձակ պատասխանում էր և զարմացնում քեթխուդաներին։

— Սա կամ իր մուրազին չի հասնիլ, կամ թե որ ապրեց, տերտերիցն անց է կենալու... զարմանք բան է, էսքան պստիկ տղե՞ն էլ էսքան բան կգիտենա,— ասում էին քեթխուդաները իրար մեջ՝ Արությունի քամակին։

Տերտերակինը, որ շատ անգամ իր ականջով լսում էր այդ խոսքերը, նեղանալով տերտերի վերա, ասում էր նրան.

— Էս գեղըցիք չտես են, երեխին աչքով կուտեն. պառավ Գևոյի աչքը քար կպատռի. դրանց մոտ ո՞ւր ես բան հարցնում...

Թեպետ տեր հայրն ևս հավատում էր այդպիսի նախապաշարմունքների, բայց «կնկա խոսքին չլսելու» նախապաշարմունքն ավելի զորեղ լինելով նրա մեջ, շարունակում էր իր հարցաքննությունները, մանավանդ որ դրանով իր անունն ու պատիվը ավելի ևս բարձրանում էր և հաստատվում ժողովրդի կարծիքը, թե նրան հայտնի է գետնքի տակ ու գլուխը։

Պետք է ասել, որ տեր Պետրոսը որքան որ հարգելի և պատկառելի էր ժողովրդի աչքում իբրև գիտնական, մի նույնքան և առավել ևս նա սիրելի էր դարձել իր անընչասիրությունովը։ Նա սովորություն չուներ նայելու, թե ինչ են տալիս իրան։ Չտված ժամանակն ևս դարձյալ ոչինչ չէր խոսում։ Շատ չքավոր էր, բայց իր չքավորությունից դարձյալ բաժին էր հանում կարոտյալներին և ինքը ցամաք հացով էր բավականանում։ Նրա հավատի պարզությունը մնացել էր անարատ և անխախտ, եթե միայն կարելի է հավատ անվանել սնահավատությունը։ Նա անխտիր հավատում էր ամեն գրված և