Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«շատ քչերից» մեկը, որն իր անապահով կյանքի ճանապարհին մեծամեծ խոչընդոտներ ու դժվարություններ հաղթահարելով, տպարանական բանվորի վիճակից՝ գերազանցապես ինքնակրթությամբ՝ խիզախորեն վեր բարձրացավ ու դարձավ իր դարաշրջանի հայկական միջավայրի լուսավոր մարդկանցից մեկը՝ և իր բազմակողմանի գործունեությամբ արժանավոր ու հաստատուն տեղ գրավեց 19-րդ դարի հայ մշակույթի պատմության մեջ:


1

Ղ. Աղայանը ծնվել 1840 թ. ապրիլի 4-ին, Վրաստանի հայաբնակ Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Բոլնիսի) գյուղում, աշխատավոր գյուղացու ընտանիքում:

Սիրասուն մոր հոգատարության շնորհիվ Աղայանը վաղ մանկական հասակից հետաքրքրություն է ցուցաբերում գրքի և ուսման նկատմամբ: Դեռ հինգ տարեկան էր նա, որ սկսեց գրագիտություն սովորել, նախ՝ իրենց գյուղում, և ապա՝ մոտակա Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ:

«Իմ մանկությունն ու պատանեկությունը,— գրել է նա,— ես մանրամասն նկարագրել եմ «Արություն և Մանվել» վեպիս մեջ: Այդ վեպի Արությունը ես եմ: Դրանում բաց եմ թողել միայն մի սովորականից դուրս պատահած դեպք, որ սակայն կենսագրական տեսակետից մեծ նշանակություն ունի: Այդ դեպքը իմ մանկական սիրահարությունն էր, որ մեծամեծ աղետների պատճառ դարձավ և սկիզբ դրավ այն հալածանքին, որին ենթարկեց ինձ հայրս»[1]:

Հազիվ տասներեք տարեկան էր Աղայանը, երբ իր անմեղ, բայց խելացնոր սիրահարության պատճառով՝ խստաբարո հոր զայրույթին ենթարկվելուց խուսափելով, փախչում է տնից և ապաստան գտնում Թբիլիսիում ապրող իր ամուսնացած քրոջ մոտ: Այնտեղ, 1853 թվականին Աղայանն ընդունվում է Ներսիսյան դպրոցի նախավերջին դասարանը: Այդ ժամանակ դպրոցի տեսուչը նշանավոր մանկավարժ ու հասարակական գործիչ Պետրոս Շանշյանն էր: Չբավարարվելով Ներսիսյան դպրոցի գիտելիքներով, մեկ տարի հետո Աղայանը դուրս է գալիս դպրոցից ու վերադառնում ծնողների մոտ: Սակայն հայրական օջախում ապաստան ու հանգիստ չգտնելով, նա յոթը տարի թափառական կյանք է վարում հայրենի լեռնաշխարհում: Եվ հարստացած ժողովրդական կյանքի իմացությամբ, 19-ամյա պատանին նորից գնում է Թբիլիսի և ընդունվում Համբ. էնֆիաճյանցի տպարանը: Այստեղ կարճ ժամանակում դառնում է հմուտ գրաշար և իր աշխատասիրությամբ ու գրական հետաքրքրություններով արժանանում շրջապատի ուշադրությանն ու համակրանքին:

Էնֆիաճյանցի տպարանը բախտորոշ նշանակություն է ունենում Աղայանի հետագա կյանքի ու գործունեության համար:

  1. Երկեր, հ․ 3-րդ, էջ 12—13։