Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

բացեց գիրքը, կարդաց մի խրատ՝ թե ժամի քանիսին պետք է գիր անել, և նախ և առաջ մի ժամացույց շինեց։ Թղթից մի շրջանակ կտրեց և քսանչորս հավասար բաժին արավ, յուրաքանչյուր բաժնի վերա մի թվանշան դնելով։ Շրջանակի մեջտեղը ցցեց մի շյուղ և սպասեց արեգակի ծագելուն, որ ծագեց թե չէ, թուղթն այնպես հարմարեցրեց, որ շյուղի ստվերն ընկավ 1 թվանշանի վրա։ Այդ արդեն կնշանակեր, որ ժամի մեկն է առավոտյան։ Գիրը պետք է աներ ժամի երկուսից սկսած։ Արեգակը քիչ-քիչ բարձրանալով՝ շյուղի ստվերը հասցրեց 2 թվանշանին։ Իսկ տերտերը մինչև այդ ախտարք էր անում, որ գտնե Արությունի աստղը։

— Մորդ անունն ի՞նչ է,— հարցրեց տեր հայրը։

— Հռիփսիմե,— պատասխանեց Արությունը։

— Հոն՝ երեք, ռան՝ մեկ, ինին՝ ութ, փյուրը՝ չկա, սեն՝ չորս... Այսպես համրելով և տերողորմյան գցելով՝ ախտարք արավ տերտերը, այսինքն մոր և որդու անունների տառերի թվերը գրքի աղյուսակի մեջ նշանակած թվերի համեմատ հաշվեց, բոլոր գումարը եղավ քսանինը։ Այդ քսանինից տասներկու-տասներկու դուրս գալով, տեղը մնաց հինգ, որ ասել է Արությունի աստղը հինգերորդ կենդանակերպն էր, որ էր Առյուծը։ Բացեց Առյուծը, որ տեսնե, թե այդ կենդանակերպի տակ ծնված մարդի ցավին ի՛նչ դեղ է ասել դևը Սողոմոնին։ Չարը պատասխանել էր Սողոմոնի հարցին այսպես.— եթե այսինչ երեք թիլիսիմները գրվին սև հավի կամ աննշան սև ոչխարի արյունով, մեկով լվացվի հիվանդը, մյուսով ծուխ տա իրան, և երրորդը կտրել տա իր աջ բազուկին, այնուհետև նա կառողջանա և նրան այլևս ոչ մի վնաս չի տալ դևը։

Չար դևի բարի խորհուրդը կատարելուց հետո տեր հայրն սկսեց սովորեցնել Արությունին այս ամեն գաղտնիքները, որ պարունակվում էին այդ գրքի մեջ և պատմեց իր արած փորձերի մասին։ Նա ասում էր, թե եղել է մի Հակոբ անունով պատրիարք, որ շատ լավ է իմանալիս եղել ոչ միայն Սողոմոնի, այլև «Վեցհազարյան» ասված թալիսմանագրի գործ դնելը, որով երես առ երես հարաբերություն է ունենում չարերի հետ։ Նա պատմում էր, որ յուր վարժապետներից մինը ևս՝ Գիրսաս անունով՝ նրանից ետ չէ, որ վարդապետ մարդ լինելով,