Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Երբ որ Արությունը գնաս-բարով ասաց Մանվելին և հեռացավ, այնուհետև սկսեց երևակայել մի բոլորովին իրան անծանոթ աշխարհ։ Նա գիշերը երազումը տեսնում էր, որ իբր թե քաղաքումն է, ման է գալիս նրանում, որ Մանվելին գտնի, տեսնում էր նրան իրանից հեռու կանգնած, կանչում էր, բայց Մանվելը չէր լսում. սկսում էր բարձր բղավել, և իր ձայնն ինքը լսելով՝ զարթնում էր և ափսոսում, որ զրկվեցավ Մանվելի տեսությունից։ Շուտով աչքերը խփում էր, որ էլի պատահի Մանվելին, բայց՝ իր ցանկության հակառակ՝ պատահում էր օձերի, վիշապների, որոնցից սաստիկ վախենալով սկսում էր փախչիլ, բայց օձերը նրա չորս կողմը կտրում էին, նա մնում էր շփոթված, ուզում էր թռչիլ դեպի վեր և թռչում էր թռչունի պես։ Թռչում էր Արությունը և սկսում էր բարձրից ծիծաղել օձերի վերա և նրանց գլխին օփսուն կարդալ, որ սովորել էր տեր հորից։ Այսպես լողալով օդի մեջ, իջնում էր Արությունը մի բլուրի կամ բարձր քարի վերա, բայց իսկույն զարթնում էր և ափսոսում, որ զրկվեցավ թռչելուց։— Ինչո՞ւ, ասում էր, դեպի քաղաք չէի թռչում։ Դարձյալ աչքերը խփում էր, որ երազի մեջ թռչի դեպի քաղաք, բայց սրա հակառակ, իր գրքերի մեջ գտնում էր զանազան ձեռագիր մատյաններ, որոնց մեջ դրված էին լինում փակագրերով արձանագրություններ, խրթին շարադրություններ, զարհուրելի ճիվաղական պատկերներ, թալիսմաններ, անըմբռնելի աղոթքներ, չարչարվելով, տանջվելով կարդում էր, բայց ոչ մի բառ կարդացածիցը չէր հասկանում, սաստիկ նեղանալուցը հանկարծ զարթնում էր և տեսնում, որ շատ քրտնել է։ Հիշում էր իր երազը, բայց ոչ մի բառ կարդացածիցը միտը չէր ընկնում։

Այսպես մի քանի ամիս անցած՝ տեր հայրը մի երեկո հայտնեց Արությունին, թե վաղը առավոտյան պիտի երթա քաղաք, և նրան էլ ուզում է հետը տանել, ցույց տալ քաղաքը։

Արությունի երեսի գույնը թռավ սաստիկ ուրախանալուցը, և մի քանի րոպե ոչինչ չխոսեց, կարծելով թե երազումն է