Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս խոսքերը։ Էլ ընթրիք անել չկարողացավ, ուրախությունը հացի տեղ բռնեց, բայց վերահաս գիշերը տարի դարձավ Արությունի համար, նրա քունը երկինք փախավ։

Վերջապես լուսացավ, տեր Պետրոսը հեծավ ձին, Արությունին էլ առավ գավակը և մի քաղցր խոսակցությունով վարժապետ ու աշակերտ ճանապարհ ընկան դեպի Թիֆլիս:

— Տերտե՛ր... (Բան է ուզում հարցնել Արությունը)։

— Ի՞նչ է, որդի... լանդու-լանդու մի՛ անիլ, թամքը կծռես, ձիու մեջքին կդիպչի:

— Չէ՛, ես շիտակ եմ նստած։

— Ի՞նչ էիր ուզում ասել։

— Էն օրը Դարզանց Օսեփը մի բան հարցրեց, չիմացա թե պատասխան էի տվել, շատ ամաչեցի։

— Ի՞նչ հարցրեց.

— Հարցրեց, թե «դժոխքումը քանի հոգի կան», ասացի՝ չգիտեմ...

— Էդ ի՞նչ բան է, որ չես գիտացել. մի՞թե ես չեմ ասել քեզ։

— Ո՛չ, դու ինձ չես ասել, և ոչ էլ կարդացել եմ։

— Էդ ես էլ չեմ կարդացել, որդի, ամեն բան որ գրեին, ոչ թուղթ հերիք կաներ, ոչ թանաք։ Ականջ արա, ես քեզ ասեմ։ Երբ որ Քրիստոս Հոգվովն ի դժոխս իջավ, բոլոր հոգիքն ազատեց, միայն թողեց չորսը,— Կայենին, Հուդային, Սողոմոնին ու Անակին։ Գրիգոր Լուսավորիչը որ ձեռքը Քրիստոսին տված՝ դժոխքի դռնովը դուրս էր գալիս, ետ մտիկ տվավ։ Քրիստոս իմացավ, որ Գրիգորն իր հոր համար է մտիկ տալիս,— հը՞, ասաց, մեղքդ է գալի՞ս. թող քո խաթրու դժոխքի սյունը ականջիցը հանեն, աչքումս դնեն։ Էնպես էլ արին, նա մնաց էնտեղ, Գրիգոր Լուսավորիչը չկարաց իր հորն ազատել դժոխքիցը։ Բայց Սողոմոնն իր իմաստությունը դժոխքումն էլ բանեցրեց։ Երբ որ տեսավ, թե Քրիստոսը նրան թողեց էնտեղ, սկսեց գլուխը քաշ գցած ետ ու առաջ անցուդարձ անել դժոխքումը սաստիկ բարկացած... Սատանեքը, որ Քրիստոսի ներս մտնելիս փախել էին, նրա գնալուց հետո էլ ետ թափվեցան դժոխքը, դրանք որ Սողոմոնին տեսան, մնացին զարմացած, թե սա ինչո՞ւ է մնացել այստեղ, բարի բանի համար չի լինիլ,