Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքն ինձ վերա բերավ, թե՝ «Գիտե՞ս ինչ է, Ավետիք, մեր Օսանեն գեղի հարմար աղջիկ չէ։ Ափսոս չէ՞ էսպես սիրուն շարմաղ աղջիկը գեղումը թողնել»։

Օվակիմի էս խոսքի վերա հերս մի առակ ասեց, թե՝ «Մի թագավոր երեք տղա է ունեցել, երեքին էլ խրատ է տվել, թե՝ ո՛ր քաղաք, ո՛ր գեղ որ գնաք, ամեն տեղ ձեզ համար մի տուն շինեցեք։ Մեծ ու միջնակ տղերքը ամեն տեղ էլ ահագին պալատներ են շինում, մեծ փող ծախսում, բայց փոքր տղեն ոչ մի տուն չի շինում, միայն ուր որ գնում է, մեկին իրան բարեկամ է շինում։ Մեկ տեղ խաչեղբայր է դառնում, մի տեղ կնքահայր, մի տեղ մեկին մի բարերարություն է անում, մի ուրիշ տեղ ուրիշ տեսակ բարություն անում։ Էսպեսով ամեն տեղ էլ իր լավությունով մի պատրաստի տուն է գտնում իր համար։ Թագավորը վերջը փոքրին է գովում, թե «իմ միտքն էլ հենց էդ էր»․․․ Հիմի նրանը չլինի, Օվակիմ, իմ միտքն էլ հենց էդ է։ Ուզում եմ Օսանին քաղաքումը մարդի տամ, որ քաղաք գնացած ժամանակս էնտեղ մի տուն ունենամ, չգնամ թավլումը վեր գամ, ախոռումը քնեմ ուրիշների պես։ Շնորհակալ եմ, քո տան դուռը միշտ բաց է ինձ համար, բայց քո կնիկը ոչ իմ տրեխներս կհանի, ոչ ոտներս կլվանա. երբ որ աղջիկս կըլի, նա ամեն բանն էլ կանի»։ Էս ասաց հերս ու դուրս գնաց, որ տեսնի՝ շներն ո՞ւմ վրա են հաչում․․․

— Դու ուրիշ տեղ տուն չես կարող շինել, անմեղ տեղը քու տունն էլ կքանդես...

«Էս իմ մոր ասած խոսքն է, որ մտիցս չի ընկնում։ Էն օրվանից մինչև հիմի, որ ահա տասը տարի է, իմ հերը չորս տեղ տուն է շինել, բայց ոչ մեկումը իր սիրտը չի տալիս, որ մի գիշեր պառկի... Ինձ տվավ էստեղ, որ տեսնում ես ինչպես խալխ են, մարդի բերնի թիքեքը համբրում են, մյուս երեք քվորս էլ տվել է ուրիշ ուրիշ գեղերում, մեկը մեկելից վատ տեղ, օրվան հացի կարոտ։

«Երբ որ հերս դուրս գնաց դուռը, Օվակիմն սկսեց.— Հիմի դու ի՞նչ կասես Օսանա, կուզե՞ս, որ քեզ համար քաղքումը լավ տղա, խելոք տղա գտնեմ...

«Ես առաջ չխոսեցի, մտիկ տվի մորս երեսին, տեսա, որ նա հավան չէ նրանց ասածին, բայց վախում է, ոչինչ չի ասում։