Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրա վերա, ես սիրտ արի ասեցի՝ բիձա, դու խոմ գիտես, որ ես նշնված եմ, ինչո՞ւ ես իմ հոր սիրտը պղտորում։ Նա թե՝ գիժ խոմ չե՞ս, աղջի, փոքր ժամանակդ օրորոցիդ վրա թուրքի պես խաղ են քաշել, էդ ի՞նչ նշնել է. հիմի դու մեծացել ես, խելքի ես հասել, կարող ես քո սրտի ուզածին գնալ։ Հիմա դու սիրո՞ւմ ես Ռոստոմին։

— Ռոստոմը շատ լավ տղա է, բիձա, ո՞վ չի սիրիլ նրան,— ասացի․․․

— Հա՜... դե որ բանն էղտեղն է հասել, էլ ես չեմ խառնվիլ, ես մեղա աստուծո... Ես ու իմ աստվածը, գիժ գեղցի պիտի ըլի, որ քաղքցուն երանի տա, քաղաքին թամահ անի։ Խելոք մարդը գեղումը հազար փառքով լավ կապրի, քան թե քաղքումը, բայց որ գեղըցիք իրանք կոպիտ են, չեն իմանում մարդավարի ապրիլը, ո՞վ է մեղավոր։ Մեկ ասող լինի դրանց՝ այ օրհնված մարդիկ, ջուրը խոմ փողով չէ, ինչո՞ւ չեք ձեզ իստակ, մաքուր պահում... Մի կարգ, մի կանոն չկա. անասունի պես ուտում են, անասունի պես մեծանում։ Որը բուղի նման շլինքը հաստացնում է, գոռում, գոչում, գլուխը հողերին, քարերին խփում, կատաղում մարդի միս ուտում, որը լղարում է քոսոտ ձիու նման սրան նրան կեղտոտում, ցավով գցում...

«Էս խոսքի վրա հերս դռնիցը տուն մտավ։

— Էդ ի՞նչ է, Օվակիմ, էլի չարացել ես։

— Չեմ չարացել, Օսանին խրատում եմ, որ դու ինչպես կհրամայես, նա էլ էնպես անի...

— Տեսնես Օսանի բերնին ո՞վ է մտիկ անում, ո՞վ է նրան բան հարցնում։ Իմ աղջիկը չի՞, ձեռիցը կբռնեմ, ում ուզենամ, նրան կտամ...

— Դու կտաս, ես գիտեմ քո բնությունը, մեկ որ բարկանաս, էլ աջ ու ձախ չես մտիկ տալ։ Բայց չմոռանաս, որ դու էլ ես ջահելություն ունեցել, դու էլ ես մի ժամանակ սիրել ու սիրվել...

— Ինչե՞ր ես խոսում, Օվակիմ, չըլնի՞ թե քեզ ջադու արին, բեղ բան ասեցին, միջնորդ գցեցին...— Քո խաթրը չլիներ, ես հիմա դրանց կոտորել էի...

«Հորս էս խոսքերի վերա մենք իրար երեսի մտիկ տվինք,