Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասեց Հոռոմսիմը։— Իմ մտքով, պետք է, ոչինչ չխոսի, պետք է որ հավանի մորդ ասածին։ Բայց որ իմ հերը լիներ, հենց իրա ձին կքշեր, թեպետ նա էլ հիմար մարդ չէ։ Մեր մարդիկն ամեն բանում խելոք են, բայց մեզ հետ հիմար: Էդ նրանից է, որ մեզ հիմարի տեղ են դնում, կամ ոչինչ բանի տեղ չեն դնում: Առաջ իրանք գժվում, մեզ ուզում են, հետո ասում են, դուք սատանա եք, մեզ խաբեցիք: Դե արի դրանց բան հասկացրու: Միտս է, շատ անգամ որ մերս մի խելոք բան էր ասում, հերս չէր հավանում, թե՝ «կնկա մազն էրկեն կըլի, խելքը կարճ»: Կնիկն ու ձին, ասում էր, մի հանգի են, կապը որ ձեռիցդ թողեցիր, էլ նրանից քեզ խեր չկա։ Կնիկը որ կա, սատանա է, էնդուր չեն վարդապետները կնիկ ուզում։ Եվան աշխարհքի տուն քանդեց, ամենքին էլ դժոխք տարավ։ Կնիկ չէ՞ր, որ Օհաննես Մկրտչի գլուխը կտրել տվավ, որ մինչև հիմա էլ ոչ մի կնիկ չի կարող ս․ Կարապետի եկեղեցին ներս գնալ։ Մեկ օր ես իմ մարդին ասացի, ասում եմ՝ թե որ կնիկը սատանա է, մարդը հրեշտակ, բա ինչի՞ դժոխքում ոչ մի կնիկ չկա, դիփ տղամարդիկ են։ Նա մնաց սուս կացած, հետո թե՝ էդ անկարելի է, երևի լավ չեն փնտրել դժոխքի քունջ ու պուճախը, մեկ էլ թե՝ սատանեն սատանի ինչի՞ն է պետք, նրա հացը կկտրի․․․Ինչ որ է, հետո քու հերն ի՞նչ ասաց․․․

―Այ կնիկ, ասաց, էդ էր մնացե՞լ, որ դու ինձ խրատ տաս։ Դու քիչ-քիչ ինձ մարդություն էլ կանես, քու լաչակը կգցես իմ գլխին, իմ փափախը կդնես քո գլխին։ Էդ չէ՞ քու ուզածը։ Բայց դու չես գիտում, որ ես կնկա խելքով ապրողներից չե՞մ․․․ Հանեցեք էդ մանեթը, ետ ուղարկեցեք, թե չէ՝ էս «հաթիս երկուսիդ էլ կտոր-կտոր կանեմ»։ Հետո ինձ վերա բարկացավ, թե՝ «գիտե՞ս քեզ ինչ կանեմ, թե որ այսուհետև տանից դուրս ես եկել, կամ էն տղի աչքումն երևացել, քեզ ոչ թե խանչալով, այլ սղոցով կմորթեմ։ Դե՜ շո՛ւտ, հանիր էդ փողը շլնքիցդ։

«Ես մնացի սառած, սփրթնած, չիմացա թե ինչ անեմ։ Մերս արտասունքն աչքերին վեր կացավ, հանեց նշանս, տվավ իրան, նա էլ տվավ տավարածին, որ տանի ետ տա։ Էդ ժամանակը էլ ես չիմացա, թե ինչ ասաց մերս, մեկ էլ էն տեսա, որ գետնի վերա փռվեց։ Ես քանի ջանումս ջան կար,