Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցրու, տես ե՞րբ պիտի գա։ Դե լավ է, աչքերդ սրբի... Կոպիտ են, կոպիտ մեր գեղըցիք։ Մանվելը նրանց լավ է նախշում։ Էսօր մեյդանումն էի, ասում է, մեր գեղիցը մարդիկ էին եկել. ասում եմ՝ «բարով եք եկել, ի՞նչ եք անում, ինչպես եք». «Փառք աստուծո, ասում են, լավ ենք, պահել է բարի աղոթքդ, դու ինչպես ես, ինչքան փող ես աշխատել»... էդ ախմախներն, ասում է, էլ չեն ասում, թե ի՞նչ ես սովորել, ասում են՝ ինչքա՞ն փող ես աշխատել։ Ասում եմ՝ հորս ասացեք մի քիչ ալյուր, բան ուղարկի, էստեղ քաղաք տեղ է, ամեն բան փողով են առնում։ Քեզ, ասում են, ախպերք ունիս, նրանք քո նոքարը խոմ չե՞ն, որ քեզ համար վարեն, ցանեն, կալսեն, աղան, բերեն քեզ տան, որ դու ուտես քեզ համար մարդ դառնաս, հետո գաս ասես, ինչ որ հորական ապրանք ունինք, կեսն իմն է։ Հրեն, ասում են, Ներկարարի տղեն էլ է ուսում առել, էլ հորն ու մորը չի ճանաչում. հոր վերա բարկանում է, թե՝ «Երբ որ տեսնում ես թե ինձ հետ աղա մարդիկ են խոսում, դու ինչի՞ ես միրուքդ տմբտմբացնելով մեջտեղ գալիս, որ տեսնեն, թե ես ում տղեն եմ․․․»։ Ասում եմ՝ ես էնպես հիմար չեմ լինի, թող ես լավ մարդ դառնամ, ես իմ հոր տղեն լինելս ինձ համար պարծանք կհամարեմ, ձեզ ամեն մեկիդ աչքիս լուսի նման կսիրեմ... Ինձ չեն հավատում, ասում են՝ «Միշտ էսպես են ասում, հետո գալիս են մեր գլխին աղա դառնում»...

Դեռ Հոռոմսիմն իր պատմությունը չէր ավարտել, հանկարծ ներս վազեց մի պատանի՝ կարմրած, քրտնած, երևում էր, որ շատ էր վազել, որովհետև չէր կարողանում շնչառությունը հանդարտեցնել։

— Ահա եկավ մեր աղան,— ասաց Հոռոմսիմը,— ասած է՝ «Անունը տուր, խալիչեն գցիր»... Ի՞նչ կա, ինչի՞ ես էդպես կարմրել, Մանվել...

— Եկել եմ «անկաջաբռնուկ»,— ասաց Մանվելը, և վրա ընկավ Օսանի ականջիցը պինդ բռնեց։— Ասա՛, անկաջաբռնուկ ի՞նչ պիտի տաս։

— Մանվել ջան, կամանց հուպ տուր, հենց ապրես, ականջս ցավում է,— ասաց Օսանան։

— Ես էդպես բաներ չգիտեմ, ասա՛...