Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ դու խելոք տղա պիտի դառնաս, ասած է՝ լավ եզը մոր ծծին կերևա, լավ երեխեն՝ օրորոցումը»․․․

— Դե աչքդ լուս, Օսանա,— ասաց Հոռոմսիմը։— Հիմի ախպերդ եկավ, էլ էնքան չես տխրիլ, պահիր մոտդ, Մանվելի հետ միասին կերթան Վանքի ուսումնարանը... Դե մնա՛ս բարով, հիմի սկեսուրդ կգա, կասի՝ էս ի՞նչ է, միշտ մեր տանն է նստած, ով գիտե՝ ինչե՜ր կըլի խրատ տալիս հարսիս...

— Ես հիմի կերթամ կտեսնեմ ախպորս, թե որ տերտերը կթողնի, կբերեմ ինձ մոտ... Ապրե՛ս, ապրե՛ս, Մանվել ջան, որ ինձ ուրախացրիր... Ժամաշապիկդ չեմ մոռանալ, ասածս ասած է...

— Քեզանից ժամաշապիկ չեմ ուզում, միայն թե Արությունին պահես մոտդ, էլ չթողնես գեղը գնա,— ասաց Մանվելը և դուրս գնաց քրոջ հետ...


Ե
ՆԱԽԸՆԹԱՑ ԳԼԽԻ ՍԿԻԶԲԸ

Շաբաթ երեկոյին Հավլաբարի մեյդանից մոտիկ տներից մինի պատշգամբի վերա նստել էր Արությունը և անակնթարթ նայում էր մեյդանում անց ու դարձ անող մարդկանցը, որոնցից որը դրոշկում նստած, փափախը թեք դրած, պապիրոսը բերնին՝ շտապեցնում էր դրոշկապանին, որը ոտով էր վազում դես ու դեն։

Քիչ-քիչ մութը վրա հասավ, մեյդանի չորս կողմով շարված դուքաններում սկսան վառվիլ ճրագները և կշեռքները մին քան զմյուսը բարձր ձայնով չրխկալ։ Որն սկսավ կանչել — «Մոթալի՜... կա՛յի մոթալի...», որը՝ «Խրամուլի՜․․․ խրամուլի՜...», որն էլ՝ «Աբա՜, ահա՜» բղավելով՝ զրնգացնում էր կախ տված փոքրիկ զանգակը և կշեռքը դարտակ չրխկացնում...

Ով ինչ բարիք որ ուներ վաճառելու, յուր ձայնի ուժովը հրավիրում էր գնողներին։ Կանաչի ծախողն անգամ յուր ձայնի բոլոր ուժը մի տեղ հավաքած, բղավում էր. — Լա՛վ կանանչին, լա՛վ կանանչին, օ-հո-հո-հո»․․․ սրա՜ն, է՜... Մի բարակ և