Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղցր եղանակ միայն մանրունքի խանութների աոջևից էր լսվում, ուր նստած էին երեխայք և մի սեղան խունկ ու մոմ վերան՝ առաջները դրած՝ հրավիրում էին տուն գնացող պարոն ուստաներին, որ խունկ ու մոմ առնեն և հրավիրում էին երգելով՝

Համեցե՜ք, ո՜ւստե՜ք,
Խունկ ու մոմ տա՜րե՜ք
Հոգու վարձք ա՜րև՜ք...

Այսպես, բարակ ու հաստ, քաղցր ու կոպիտ, բարձր ու ցածր ձայները դրոշկաների ղռղռոցի ու զանգակների ղողանջյունի հետ խառնված՝ դրմբացնում էին քաղաքը և ապշեցնում Արությունին։ Այն՝ որ մի նուրբ ճաշակ ունեցողին կարող էր ճանձրություն պատճառել, Արությունին հիացնում էր։ Նա ինքն իրան մոռացել էր և դեռ ևս շատ կնստեր դրսումը, եթե ներսից Օվակիմը չկանչեր նրան։

— Արի՛ ներս, Արություն, արի,— ասաց Օվակիմը.— ես էգուց քեզ կտանեմ քաղաքը ման կածեմ, ինչ կա, չկա, դիփ էլ կտեսնես։

Վեր կացավ Արությունը և մտավ ներս, ուր տեր հայրը նստած էր թախտի վերի ծայրին։ Թախտի դիմաց դրված էին մի քանի հասարակ աթոռներ և մի գրասեղան։ Արությունը նստեց դրա սեղանի մոտ, ուր մի քանի հատոր գրքեր կային դրված։ Արությունը հետաքրքրությամբ նայեց գրքերի վերնագրերին, նրանցից մեկը վերցրեց և սկսեց լուռ կարդալ։ Գիրքն հասարակ բարբառով էր գրված։ Առաջին անգամ պատահելով իրան բոլորովին հասկանալի բարբառով գրված մի գրքի, Արությունը չկարողացավ յուր զգացած հոգեկան գվարճությունն այնքան ծածկել, որ Օվակիմը չնկատեր։

— Արություն, ես տեսնում եմ, որ քեզ շատ գրավեց էդ գիրքը, աբա մեկ բարձր կարդա, տեսնեմ ինչպե՞ս ես կարդում։

— Ո՞ր երեսից սկսեմ,— հարցրեց Արությունը։

— Հենց է՛դ կարդա, ինչ որ կարդում էիր․․․

Արությունն սկսեց կարդալ հետևյալ տողերը.

«Քաղաք որ մտնում եմ, հենց իմանաս, թե աշխարհք սով ա ընկել․ էլ ոչ խեր կա, ոչ բարաքյաթ։ Հացն ու ջուրն էլ որ