Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փողով ըլին ծախում ու առնում, էլ ո՞ւմ դուռը գնաս, ո՞ւմ ձեռդ դեմ անես։ Բազի վախտ էլ տեսել եմ, որ դուքաններում կիտուկ-կիտուկ մանեթները, ոսկին ածած, ամեն մեկ փող համբրելիս, էնպես գիտես, թե փողատիրոնջ հոգին հետն ա դուս գալիս. էնպես են սրթսրթում իրանց խազինի վրա, հենց իմանաս, թե առաջներիցը թև կառնի, կթռչի։ Մեկ ձեռդ դեմ արա՛, շան որդի ըլիմ, ո՛չ մեկ բուռը հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում, աստված, երկինք, գետինք, ծով, ցամաք, մեկ ծեղ էլ չեն տալ, որ աչքդ կոխես։ Թո՛ւհ, մարդ իրա հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի։ Հազար տարի էլ որ քու ազիզ սիրելու դռանն էլ շլինքդ ծռես, կանգնես, սովու մեռնիս, հազար տարի անոթի փորով զկռտաս, մեկն էլ ա քեզ տուն չի՛ կանչիլ, մեկ սառը ջուր խմացնիլ։

«Էն մարդն էլ որ քու տանը կերել, խմել, ամսով, տարով քու աղ ու հացի վրա է ելել, աչքը աչքիդ առնելիս՝ հենց գիտես՝ թե գյուլլով խփեցին։ Եդևն ա քեզ դեմ անում, ու աչքը քամակը գցում։ Տո՛, փողդ էլ ջհանդամը գնա, դու էլ, տո՛, ղուռումսաղ, ասենք թե աչքդ ա քոռացել, ինձ չես ուզում որ ճանաչես կամ սուփրիդ ղրաղը նշանց տաս, տո՛, գլխիդ քար ընկնի, ինչ կերել ես, քթովդ դուրս գա, խնդրել եմ աստվածածնից՝ զահրմար ընլի, էն դինյումը առաջդ գա, աչքերդ բռնի, տո՛, մեկ բարով-աստծո բարին էլ ա գլխիցդ զհաթ էլե՞լ, որ դունչդ ցցում ես, ու եդ փախչո՞ւմ։ Մեկ բարի լիս, բարի օր էլ ա տուր է՜. հո բերնիցդ քրեհ չե՞ն ուզում, ի՞նչ ես քարացել, էդ էլ հո փողով չի՞, ա՛յ փողակեր, հողակեր...

— Էդ ի՞նչ գիրք է,— հարցրեց տեր հայրը, միջահատելով Արությունի կարդալը։

— «Վերք Հայաստանի»,— պատասխանեց Օվակիմը վերք բառին մի ցավակցական ձայն տալով — դա մի շատ պատվական գիրք է, նոր է տպվել, բայց ափսո՜ս, որ մեր ժողովրդի մեջ չի տարածվում էդպես գիրքը։

— Թե որ էժան է, ես մի հատ կառնեմ, և կարծեմ ամեն մարդ էլ կառնի։

— Բանն էժանության վրա չէ, տեր հայր, մեր ժողովրդի ճաշակը խանգարված է, նա ստացել է մթնասեր ու խավարասեր բնություն, նրան եթե էնպես բան է ասվում, որ իրա խելքիցը