Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր է ու ինքը չի հասկանում ոչ նրա լեզուն, ոչ միտքը, բերանիցը ջուր է գնում, զմայլում, զարմանում է, գովում, բարձրացնում, թե տեսեք, էնպես բան ասեց, որ ոչով չհասկացավ, բայց եթե իրան օգուտ, հասկանալի ու խելքիցը մոտիկ բան ես ասում, ծիծաղում է վերադ, ասում է, էդ ո՞վ չգիտե, որ էդպես է, էդպես հեքիաթներ ես հազարը գիտեմ... Բայց, իհարկե, երբ որ էդպես գրքերը կշատանան, մեր նոր սերնդի աչքը կբացվի, կտեսնի, որ հնիցն էլ օգուտ չկա, գրաբարը ետ կքաշվի, իր տեղն աշխարհաբարին կտա, էն ժամանակն էդպես գրքերն էլ կստանան իրանց վայելուչ հարգն ու պատիվը։ Դրա գրողը մի ճշմարիտ ազգասեր, մի երևելի տաղանդի տեր մարդ է եղել։ Պետք է մի հարյուր տարի անց կենա, որ էդպես մի գրող էլի դուրս դա հայերից։ Ով որ մոտիկ ծանոթ է մեր ժողովրդի կյանքին, մի զարգացած խելք ու միտք ունի ու սիրող սիրտ, միայն նա՛ կարող է հասկանալ, որ էդ գրքի խոսքերը հեղինակի սրտի արյունովն է գրված։ Էդ հեշտ բան չէ, բայց ռամիկ ժողովուրդը ծիծաղում է էն խոսքերը կարդալիս, որ հեղինակի աչքերից արտասունք են բերել... Էհ, ինչևիցե... Դու, Արություն, հավանո՞ւմ ես էդ գիրքը։

Արությունը ոչինչ չխոսեց, բայց այն անմեղ ժպիտը և ամոթխածությոլնով լի անկանոն շարժվածքը, որ նա երևացրեց, դա նշան էր խորին համաձայնության...

— Քե՛զ եմ բաշխել էդ գիրքը։— ասաց Օվակիմը,— քանի որ փոքր ես, էդ գիրքը քեզ համ կուրախացնի, համ կտրտմացնի. բայց երբ որ կմեծանաս, էն ժամանակն էլ ուրիշ տեսակ մտածմունքների մեջ կձգի քեզ...

Արությունն իր հոգու մեջ անչափ շնորհակալ եղավ Օվակիմից, բայց բերանացի չկարողացավ արտահայտել։

Այս միջոցին ներս մտավ Օվակիմի կինը՝ Սոփիոն, նրա հետ մտավ և մի ուրիշ ջահել կինարմատ, մաքուր ու պարկեշտ հագնված, քնքուշ ու գեղեցիկ դեմքով, և գգվեց Արությունին մի այնպիսի ջերմ սիրով, որպիսին սակավ եղբայր ստացած կլինի իր քրոջից։ Այո, անծանոթուհին, Արությունի քույրը՝ Օսանան էր՝ որի աչքերի հորդ արտասուքը, քաղցր ժպիտի հետ խառնված, ցույց էր տալիս նրա ուրախության հուզմունքի անչափությունը։ Մի քանի րոպե տիրեց լռություն,