Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ապա խոսեց Օսանան և խնդրեց տեր հորից, որ թույլ տա Արությունին իր մոտ տանելու։ Տեր հայրը կատարեց նրա խնդիրքը, և մի քառորդ ժամ չանցած, Արությունը դուրս եկավ Օվակիմի տանից՝ մի ձեռքում «Վերք Հայաստանին» բռնած, իսկ մյուս ձեռքը իր քվորը տված...

— Օվակիմ, էդ աղջիկը ձեռիցս չխլի՞ Արությունիս,— հարցրեց տեր հայրը, երբ որ քույր ու եղբայր դուրս էին եկել արդեն...

— Խլում են, թող խլեն, ի՞նչ ես դարդ անում,— ասաց Օվակիմը.— էստեղ քաղաք տեղ է, նրան շատ չեն պահիլ։ Շատ էլ որ ուզենա Օսանան, նրան ո՞վ մտիկ կանի։ Նա մի սկեսուր ունի, որ աստված ազատե, գյանջեցի է՝ քաղքցի դառած. որ մի բանի վերա խոսում է, էլ չի լռում... Չէ, տեր հայր, նա գեղի տղա է, կուշտ ուտել ու խմելու սովոր, էստեղ ո՞վ նրան էնքան հաց կտա, որ նրա աչքը կշտանա։

— Ի՞նչ է ասում, քա՜,— մեջ ընկավ Սոփիոն.— մաշ ինչկլի հիմի ո՞վ է պահի նրան, գանա չի՞ն կանա էստի էլ պահի...

— Պահիլ էլ կա, պահիլ էլ, մարդ իրա երեխին հո չի դեն գցիլ։ Իրանց գեղումը մի երկու այբ-բեն էին սովրեցրել, էլ ուրիշ բան չգիտեին. մեկ օր տավարն էին ուղարկում, մյուս օր հորթեր, մեկէլ օր՝ գութան, էսպիսությունով նա էլածն էլ մտիցը կգցեր, թե որ նրա բախտիցը տերտերը չէր պատահել։

Ահա չորս տարի է, որ տերտերի մոտն է, դեռ նրա հերը մի թերթ թուղթ չի առած նրա համար... Մերը շատ խելոք, ժրագլուխ կնիկարմատ է. թե մի բան արել է, էլի նա է արել, բայց հերր ոչինչ բանում չի խառնվել...

— Ես էլ էնենց իմ իմացի, վուր շատ խելոք դեդա ունե, կոսե Օսանեն։

— Ես նկատել եմ, տեր հայր, որ գեղի կնանիքը ավելի շատ բան են շինում, քան թե տղամարդիկը. բայց ինչ որ Հռիփսիմեն է անում, հարյուրից մեկը կարող չէ անել։ Քանի անգամ ես նրանց տանը պատահել եմ, շաբթով, ամսով կացել եմ, մի րոպե ես նրան պարապ չեմ տեսել։ Մի բան մանավանդ, որ աչքովս է ընկել, ես շատ եմ հավանել, իբրև նրանց անընդհատ աշխատության մի օրինակ, որ՝ իհարկե դու էլ կլինես նկատած, բայց քեզ զգալի չի լինիլ եղած...Կուժը