Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թարգմանական երկերը, լսում ու քննության էին առնում ինքնուրույն շարադրություններ՝ ժամանակի հայ կյանքի հուզող հարցերի շուրջը:

«Ժողովին» Աղայանի մասնակցությունը հայտնի է դառնում նրանով, որ, ինչպես ինքն է պատմում, իր ընդունելությունից երկու շաբաթ անց մի հավաքույթում նա կարդում է «Արություն և Մանվել»-ի առաջին գլուխները:

Այդ տարիներին երիտասարդ Աղայանը, տիրապետելով ռուսերենին, մեծ եռանդով կարդում է ռուսական ժամանակակից գրականությունը: Նրա սիրելի գրողներն են դառնում Պուշկինը, Լերմոնտովը, Նեկրասովը, Տուրգենևը, ռուս գրական-գեղագիտական և հասարակական-քաղաքական մտքի կորիֆեյներ Բելինսկին, Չերնիշևսկին, Դոբրոլյուբովը, Պիսարևը, Շելգունովը: Ռուս մեծ մանկավարժներից Աղայանին գրավում է մասնավորապես Դմ. Ուշինսկին, որին և հետևում է նա իր մանկավարժական գործունեության ընթացքում:

Ռուսերեն թարգմանական գրականության միջոցով Աղայանը ծանոթանում է նաև արևմտա-եվրոպական մեծանուն գրողների և առաջավոր մտածողների ու մանկավարժների երկերին, լայնացնում իր մտահորիզոնը:

Աղայանի կյանքի պետերբուրգյան շրջանի նշանակալից մոմենտներից մեկն էլ նրա հանդիպումն է Մ. Նալբանդյանի հետ, երբ վերջինս, ինչպես Աղայանն է վկայում, նոր էր «ազատություն ստացել գեներալ Սուլթանշահի երաշխավորությամբ»:

«Այս մարդուն,— գրում է Աղայանը,— ես առաջին անգամ տեսել էի Թիֆլիս, ուր եկել էր Էջմիածին գնալու համար[1]։ Այդ ժամանակ մենք հափշտակվեցանք նրա ճարտար հայախոսության վրա»: Իսկ հետագա երկրորդ հանդիպմանը Աղայանին Նալբանդյանը գրավել էր իր բարձր «մտավոր զարգացումով», հասարակական-քաղաքական գործչի վսեմ գաղափարական հմայքով: Ինչպես տեղեկացնում է Աղայանը՝ այդ հանդիպման ժամանակ Նալբանդյանը նրան խորհուրդ է տվել՝ հիմնական ու կարևորագույն խնդիր համարել ժողովրդի կրթությունը, լուսավորությունը, իսկ այդ խնդրի իրականացման համար՝ «մեր ազգին հարկավոր է գիտական զարգացում, հարկավոր են նոր ու թարմ ուժեր, ժամանակակից սոցիալական գիտություններին քաջ հմուտ մարդիկ, գործողներ»,— ասել է Նալբանդյանը երիտասարդ Աղայանին (հ․ 3-րդ, էջ 111):

Խանդավառ հայրենասեր երիտասարդի այդ հանդիպումը մեծ հեղափոխական-դեմոկրատի հետ, խորապես ներշնչող ազդեցություն է ունենում նրա գաղափարական ուղղության և հետագա ամբողջ գործունեության համար:


3

1867 թ. աշնան սկզբին Աղայանը դուրս է գալիս Պետերբուրգից և ինչպիսի դժվարությամբ որ գնացել էր Ռուսաստան, ոչ պակաս դժվարությամբ վերադառնում է հայրենիք՝ նյութական շատ անապահով վիճակում: Ուզում է

  1. Աղայանը նկատի ունի 1860 թ․ օգոստոսի վերջերին Նալբանդյանի հետ ունեցած իր հանդիպումը Թբիլիսիում, ուր ժամանել էր նա տասը- տասնհինգ օրով՝ Էջմիածին, այնտեղից էլ արտասահման գնալու համար։