Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քվոր համար բաժինք անեք»... ու էսպես շատ բաներ։ Ամենքն էլ մնում են լուռ ու մունջ նստած։ Ավետիքը չի ուզում ցույց տալ, որ նրա խոսքերը գյուլլի պես դիպան իր սրտին, սառը, սառը հարցնում է. «Դե դու ասա, բիձա Արզուման, ի՞նչ պիտի տամ»...

«Արզումանը տերողորմյան հանում է ջեբիցը ու մորուքը տմբացնելով ասում.— մեկ լավ մսացու՝ չաղ ու ղսր կով, մի լավ ղոչ էլ հետը»։ Ասում է ու տերողորմյան էլ հետը չրխկացնում, իբր թե հաշիվ է անում, կովի վրա ոչխար է ավելացնում։ «Հարյուր թունգի Շուլավերու լավ գինի»։ Իրանց գինին ավելի լավ է, բայց էնպես է ասում, որ Ավետիքը գնա նոր մեկանց փողով գինի առնի։ Հարսնախպոր համար մի լավ մահուդ չուխա, քսանըհինգ մանեթանոց։ Գինն ընդուր է ասում, որ եթե չուխեն էժանագին լինի ու չհավնի, ետ դարձնե, քսանըհինգ մանեթն առնե։ «Հարսնամոր համար մի լավ քաթիբա՝ երեք թումնանոց։ Տասներկու ջուխտ Գյանջու սաղրի քոշեր՝ բարեկամ կնանքոնց համար։ Հինգ թուման սիպտակ արծաթ։ Մեկ էլ ինձ համար մի շիրմայի մրքի սանդր կառնես, կգաս ձեռս կպաչես, կասես մեղա աստուծու, ես էլ ձեզ կօրհնեմ, կերթաք ձեր մուրազին կհասնեք...»։

Ավետիքը զոռով բերնին հուփ է տալիս, մինչև Արզումանը պրծնում է իր հաշիվը, բայց որ «մեղա աստծուն» էլ վերջիցն է կպցնում, Ավետքի աչքերն արնով լցնվում է։ Էսպես ժամանակը մեր գեղացիք կամ առհասարակ բոլոր անկիրթ մարդիկը բանական արարածներ չեն, այլ խոսուն գազաններ, արջ, գայլ, վարազ...

«Ավետիքը վեր է թռչում տեղիցը, ձեռքն էնպես շրխկացնում է խանչալի դաստին, որ բոլոր տան երեխեքն ու հարսները տան պուճախներն են պրծնում... Գոռում է Ավետիքը.— դու ո՞վ ես, որ ես քեզ մեղա ասեմ, ես իսկի տերտերին մեղա չեմ ասում։ Ես իմ հոր տղեն եմ, քեզ պես մարդի գլուխը ինձ համար մի սոխ չարժե. ոչինչ չեմ տալու, աղջիկն էլ տանելու եմ. թե որ ղոչաղ մարդ ես, չտաս։ Էս գիշեր քեզ ժամանակ, մենք էգուց կհանդիպենք մեկ մեկու»... Էս ասում է Ավետիքն ու կատաղած դուրս ընկնում, տան դուռն էլ էնպես չրխկացնում է, որ դուռը կրնկահան է ըլում, վեր ընկնում։ Դրսումը