Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա պար չի գա, թե ինչ է՝ պար գալով՝ Օհաննես Մկրտչի գլուխը կտրել են տվել. ոչովի հետ պռոշտի չի անիլ, իր երեխին չի պաչիլ, թե ինչ է՝ պաչելով՝ Հուդան Քրիստոսին մատնել է։ Մորթ անելը նրան հազար ու մեկ նզովքներով ու ապաշխարանքներով արգելված է։ Մեկ մարդ, որ էսպես տուտուց բաների գերի դառնա, նրանից էլ ի՞նչ սեր կարող ես պահանջել, քանի որ սիրալիր հարաբերությունը նա մեղք է համարում...

— Օվակիմ, քո ասածը կարելի է ճշմարիտ է, բայց իմ խելքումը չի տեղավորվում։ Դու մեր Ավետքին բոլորովին հիմարացնում ես։ Ես դեռ նրա պես խելոք մարդ չեմ տեսել։ Հիմի մի՞թե նա էնքան հիմար է, որ եթե հասկացնես բանի զորությունը, եթե հասկացնես ուսման նշանակությունը, նա իրա որդուն չի օգնիլ։

— Բանն էս է, տեր հայր, որ մենք չենք իմանում, թե ում ենք հիմար ասում և ում՝ խելոք։ Ավետիքը հիմար չէ, ես համաձայն եմ քեզ հետ։ Բայց ես կասեմ, որ եթե նա հիմար լիներ, ավելի շուտ կհամոզվեր, որ պետք է օգնի իր որդուն, քան թե հիմա, որ քու կարծիքով՝ խելոք է։ Նա խելոք է, այո՛, նա համառություն ունի կարծելու, որ խելոք է. նա կարող չէ կասկածել, որ իր գլխում եղածը խելք չէ, այլ համառություն, կամապաշտություն, ինքնասիրություն, մոլեռանդություն, և վերջապես բարբարոսություն, սրանց ամեն մեկը մյուսի հետևանքն է։ Նա քեզ կասե՝ որ Սողոմոնն էլ էր շատ իմաստուն, բայց կռապաշտ դառավ, կնկանը գլուխ վեր բերավ, դժոխք գնաց։ Նա քեզ կասե՝ որդին հոր հոգուն ոչ մի շահ չի տալ։ Գրիգոր Լուսավորիչը, որ մեր հավատի գլուխն է, չկարաց իրա հորը դժոխքիցը հանել, էնքանն արավ միայն, որ դժոխքի սյունը ականջիցը հանեցին, աչքումը դրին։ Հիմար ու տգետ մարդոց գլխումը էսպես առասպելներ չկան, և ես զարմանում եմ, որ ում գլուխը որ քացախով ու դարմանով լիքն է, նրան խելոք են ասում...

Տեր հայրն Օվակիմի խոսքերի մեջ տեսնելով իր պատկերը՝ լռեց։ Այդ նկատեց Օվակիմը և ուզենալով փոքր-ինչ մեղմացնել իր ասածները, ավելացրեց.

— Իհարկե՝ ես շատ էլ չեմ մեղադրում Ավետիքին, նրա նախապաշարմունքներն էնքան զորություն չունին, որ կարողանան