Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղա է դառել, որ էլ ոչովի չի հավանում, մոռացել է իր ստոր ծագումն ու չքավորությունը․․․

Այսպես՝ երբ տան մյուս անդամները գնացել էին իրանց գործին, քույր ու եղբայր առանձնացած՝ մտածում էին, թե ի՞նչպես լավ կլիներ Արությունի համար — մնա՞լ քաղաքումը, թե՞ էլի ետ դառնալ դեպի գյուղ։

— Չէ՛, լավ կանես, որ էլ գեղը չգնաս,— ասաց Օսանան.— էնտեղ ի՞նչ պետք է սովորես. էդ տերտերն ինքն ի՞նչ գիտե, որ քեզ ինչ սովրեցնե․․․

— Էդ մի՛ ասիլ,— պաշտպանեց Արությունը իր տերտերին,— էդպես տերտեր էս քաղաքումը չի լինիլ. դա մեկ անհայտ փիլիսոփա է․ կաթողիկոսը որ գիտենա, դրան եպիսկոպոսի խաչ կտա...

— Ի՞նչ ես ասում, ա՛ տղա,— ընդդիմախոսեց Օսանան։— Դա մեր Օվակիմի մորաքրոջ որդին է, ես մի՞թե չեմ ճանաչում դրան։ Մեկ օր խոսք բացվեցավ, ես հարցրի Օվակիմին, նա թե՝ «ճգնավոր, բարեսիրտ մարդ է, բայց գլխումը խելք չկա. դրա համար սուտն ու ճշմարիտը մեկ է, երկուսին էլ հավատում է»... Էստեղ գիմնազիումն էնպես բաներ են սովրեցնում, որ դա իր օրումը լսած չի լինիլ։ Մեր հարևան Սառի տղա Յագորը հիմի գիմնազիի վրա չորս կլասումն է։ Նրա մերն էնպես բաներ է ասում նրանից, որ մարդ լսի, կմնա զարմացած...

— Ի՞նչ բաներ է ասում։

— Ասում է՝ իմ տղեն հիմի գիտե, թե էստեղից մինչև Մոսկով տրոյկի ակը քանի անգամ պտույտ կգա։ Նա, ասում է, գիտե, թե Ադամից մինչև հիմի քանի մինուտ է անցել։ Աբա քու տերտերն էդ գիդի՞, քեզ ասել է՞...

— Ես որ քաղքումը մնամ, էդ բաները կսովորե՞մ։

— Իհարկե, կսովորես։ Որ մտնես Վանքի ուսումնարանը, հետո տերտեր կդառնաս. ուզենաս, գրագիր կդառնաս Կոնձիստորումը, կամ թե չէ՝ վարժապետություն կանես, ժամումն էլ տիրացություն։ Թե որ խելոք կըլես, մի հարուստ մարդ քեզ փեսա կշինի, կաշխատի, ձեռնադրել կտա մի հարուստ եկեղեցու վերա։ Կամ թե չէ՝ թե որ կուզես, կմտնես գիմնազիա, էնտեղ լավ ռսերեն կսովորես, հետո թագավորական ղուլլուղ կմտնես, չինովնիկ կդառնաս, տարեցտարի չինդ կավելանա,