Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորից գրաշարություն անել, բայց Թիլիսիի իր գրաշար ընկերները խորհուրդ չեն տալիս, ասելով, որ նա այժմ կարող է գործունեության ավելի լայն ասպարեզ մտնել:

Այնուամենայնիվ, կարճ ժամանակով նա նորից աշխատում է Էնֆիաճյանցի տպարանում, իբրև գրաշար: Նույն տարվա վերջերին հրավիրվում է Էջմիածին՝ բարեկարգելու այնտեղի տպարանը և աշխատելու որպես միաբանության տպագրական գործի կառավարիչ:

1868 թ. հունվարի 8-ին Աղայանն Էջմիածնումն էր: Սկսվում է նրա կյանքի ու գործունեության նոր շրջանը, հաջորդ տարվա (1869 թ.) կեսերին նա նշանակվում է նաև խմբագիր Էջմիածնի միաբանության օրգան՝ «Արարատ» ամսագրի, որն սկսել էր հրատարակվել 1868 թվականի մայիսից: Կաթողիկոսը կարծում էր, թե՝ Աղայանն ամսագրի գործունեությունը կղեկավարի Էջմիածնի միաբանության պահանջների համաձայն, այսինքն՝ կրոնա-բարոյական ոգով, մանավանդ, որ «Արարատի» գրեթե բոլոր աշխատակիցները վանականներ էին և տպագրվող նյութերի սրբագրական թերթերի վրա պետք է լիներ կաթողիկոսի թույլտվությունը՝ «տպեսցի»: Բայց առաջադեմ գաղափարներով տոգորված, կրոնական մոլեռանդության ու հետամնացության դեմ զինված երիտասարդ լուսավորիչը չենթարկվեց Էջմիածնի կղերական միջավայրի ազդեցությանը: Եվ այդ պատճառով հազիվ մեկ ու կես տարի տևեց նրա խմբագրական աշխատանքն «Արարատ» ամսագրում: Նրա, որպես խմբագրի, գործունեությունը կասկածի ենթարկեցին մոլեռանդ կղերականները, ըստ որում ամենից առաջ Միք. Նալբանդյանի կատաղի թշնամի Գաբրիել վարդապետ Այվազովսկին՝ Թեոդոսիայից:

Աղայանի նկատմամբ հալածանքն ու թշնամանքն այնտեղ հասավ, որ նա հարկադրված եղավ հեռանալ Էջմիածնից:

Այնուհետև ավելի քան տասը տարի աշխատելով Անդրկովկասի հայ դպրոցներում (Ախալցխա, Ալեքսանդրապոլ, Երևան, Շուշի) որպես ուսուցիչ և «մի դպրոցական տարի» էլ Սոֆիա Բաբայանի մանկապարտեզում որպես դաստիարակ, Աղայանը հարուստ կենսափորձ է ձեռք բերում:

Եվ պատահական չէ, որ 1882—1883 թվականներից սկսած Աղայանը հանդես է գալիս իբրև մանկական գրող-բանաստեղծ. 1882 թ. նա հրատարակում է իր մանկական բանաստեղծությունների փոքր ժողովածուն՝ «Սրինգ հովվական» խորագրով: 1883 թ. նրա ամենագործուն մասնակցությամբ հիմնադրվում է «Աղբյուր» մանկական նկարազարդ ամսագիրը, որը երկար ժամանակ հրատարակվում էր նրա ամենամոտիկ աշխատակցությամբ ու փաստական խմբագրությամբ: «Աղբյուր»-ում են տպագրվում նրա բանաստեղծություններն ու հեքիաթները՝ գրված հատկապես մանուկների համար, ինչպես և բազմաթիվ գրական-հրապարակախոսական հոդվածներ:

80-ական թվականներին Աղայանը Թբիլիսիի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչն էր և իր մանկավարժական հարուստ փորձով նշանակալից դեր էր կատարում հայկական դպրոցների բարեկարգման գործում:

Դպրոցական-տեսչական գործունեությանն զուգընթաց՝ Աղայանը եռանդուն կերպով շարունակում է գրական-ստեղծագործական աշխատանքը: