Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛, ես քեզ էլ չեմ տալ տերտերին, որ տանի, ես նրան պատասխան կտամ։ Մանվելի հետ միասին կերթանք Վանքի ուսումնարանը, կամ թե չէ՝ գիմնազիա, որտեղ որ ձեզ հարմար կլինի, էնտեղ կէրթաք։

— Շատ լավ, էդպես արա։ Ես էլ մի գիր կգրեմ, որ մեր տանիցը ալյուր, բան ուղարկեն։ Դու ինձ մի թուղթ ու թանաքաման տուր...

Արությունը դեռ չէր ավարտել իր նամակը, որ տեր Պետրոսը ներս մտավ։

— Արություն, որդի, մենք ուշանում ենք. էստեղ քաղաք տեղ է, գարին, դարմանը թանկ է,— ասաց տեր հայրը, նստելով աթոռի վերա, որ Օսանան առաջ քաշեց։

— Տեր հայր, խնդրեմ Արությունին թողնեք մնա այստեղ,— ասաց Օսանան։

— Ես հենց երազումս տեսա, որ դու Արությունին պիտի ձեռիցս խլես։ Հետո՞, քո հերն էլ համաձայն կլինի՞ այդ բանին, գիտե՞ս, նրա համար քաղաքը մի սարսափելի բան է։

— Ես իմ հորը կհամաձայնեցնեմ։

— Լավ, որդի, ես հո չկամություն չեմ անում։ Ես Արությունին որդու պես եմ պահել. ես ինքս էլ եմ ուզում, որ լավ ուսում առնի, լավ տղա, խելոք տղա դառնա.— ասաց տեր հայրը և ապա դառնալով Արությունին՝ հարցրեց.

— Արություն, որդի, ուզո՞ւմ ես մնալ։

— Հա՛,— ասաց Արությունը ամաչելով։

— Լա՛վ, որդի... դե խելոք կաց, առավոտ, իրիկուն ժամ գնա՛, ժամ ասա, անառակ տղոց հետ ընկերություն չանես, կոճի չխաղաս, չգնաս Քռումը լողանալու, կամ Օրթաճալա՝ ման գալու։ Դո՛ւ գիտես, ինձ չամաչացնես, էնպես արա, որ մի ժամանակ ես էլ պարծենամ։ Ինձ շուտ-շուտ նամակ գրիր, մի նեղություն ունենաս, ինձ հայտնիր։ Մնա՛ս խաղաղությամբ, տեր ընդ քեզ։

Արությունը համբուրեց տեր հոր աջը, տերտերն էլ նրա գլխին մի «պահպանիչ» ասաց և բոլորին խաղաղություն մաղթելով, դուրս գնաց...

Վերջ առաջին գրքույկի