Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐՈՐԴ ԳՐՔՈՒՅԿ

Ա
ՄՏԱՎՈՐ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆ

Արությունն ու Մանվելը մտան Ներսիսյան դպրոց, իբրև երթևեկ աշակերտներ։

Ներսես կաթողիկոսի միակ ցանկությունն էր, որ իր ուսումնարանը փայլի, և նա փայլում էր մերթ պոչավոր աստղի հուսով և մերթ... լուսատտիկի։ Երբ փայլում էր պոչավոր աստղը, աներևույթ անձինք երևելի ձեռքերով կտրում էին նրա պոչը, և այնուհետև փայլում էր լուսատտիկը։

Արությունն ու Մանվելը երբ որ մտան դպրոց, այն ժամանակ փայլում էր պոչավոր աստղը, և արդեն մեծ պատրաստության վրա էին, որ կտրեն նրա պոչը։ Այդ աստղն էր Պ. Շանշյանցը, որ տեսուչ լինելով, միևնույն ժամանակ և մի օրինակելի դաստիարակ, ամենայն ճիգ թափում էր ուսումնարանի փայլն ավելացնելու, բայց չէր կարողանում։ Այդ բանին արգելք էր լինում մի եպիսկոպոս, որ մեծ ազդեցություն ուներ կաթողիկոսի վրա։

Ներսես կաթողիկոսին իր այդ ծերության ժամանակ խաբում էին անխիղճ կերպով, և այնքան ավելի էին խաբում, որքան նա շատ էր հավատում, որ ոչ ոք չի համարձակիլ իրան խաբելու։ Նրան խաբում էին իր նշանակած աշխարհական գործակալ գանձապետները, որոնք անգթաբար կեղեքում էին ժողովրդին, նրան խաբում էին իր ուսումնարանի հոգաբարձուները․․․