Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուսման առարկաներն էին այդ ժամանակ հայոց լեզու, ընդարձակ, և կրոն իր բոլոր մասներով, ռուսաց լեզու, մասամբ կամավոր, և մի կտոր թվաբանություն, և այն էլ ավանդվում էր չինական մեթոդով։ Դպրոցի բոլոր ջանքը երկու առարկայի վրա էր դարձրած— կրոնի ու լեզվի, և այդ վատ չէր այն ժամանակվա ամենակարևոր պահանջին նայած։ Այդտեղ հայախոս էին դառնում և լավ գրում, կարդում ուտեախոս, չերքեզախոս և վրացախոս պատանիք։ Մի երկրորդ լավ բանն էլ այն էր, որ սովորություն ունեին բարձր դասատան աշակերտներին քարոզներ գրել տալու։ Ամեն շաբաթ կեսօրից հետո կարդացնել էին տալիս այդ քարոզները, որին շատ անգամ ներկա էր լինում ինքը՝ կաթողիկոսը մի քանի պատվավոր հյուրերի և հոգաբարձուների հետ։

Տեսուչը հարցաքննեց Արությունին հայերենից և կրոնից, և շատ բավական մնալով՝ ասաց. «Դու կարող ես երրորդ դասատուն մտնել (այդ վերջին դասատունն էր, և ամենից բարձրը), բայց որովհետև տարվա սկիզբը չէ և հասակդ էլ փոքր է, քեզ կընդունենք երկրորդ դասատուն»։ Իսկ Մանվելին էլ նախ որոշեց առաջին դասատուն, բայց հետո նրա հասակն էլ մեծ համարելով՝ նմանապես ուղարկեց երկրորդ դասատուն, ուր տասներեք տարեկանների մոտ երեսուն և քառասուն տարեկան տիրացուներ ևս կային նստած իբրև կամավոր լսողներ...

Այսպես կարգադրելուց հետո՝ Արությունին էլ պարտավորեցրեց, որ օգնե Մանվելին, և խոսեց նրանց հետևյալ խրատը.

— Ուսումնարանը մի սուրբ ավազան է, որից մենք մկրտվում ենք կրկին, բայց մկրտվում ենք ոչ ջրով, այլ հոգվով սրբով։ Դուք պարտավոր եք ձեզ սուրբ պահել. սուրբ ու մաքուր պիտի պահեք մանավանդ ձեր լեզուն։ Լեզվով ենք աղոթք անում մենք աստուծուն, լեզվով ենք խնդրում նրա ողորմությունն ու շնորհքը։ Կարելի չէ սուտերով ու հայհոյանքներով աղտոտած լեզվով դիմել աստծուն, խոսել նրա հետ, խնդրել նրանից մի բան։ Ո՛չ։ Այն ժամանակ աստված չի լսիլ մեզ, ետ կդարձնե մեզանից իր երեսը և մեզ կթողնե անհոգ ու անխնամ, զուրկ իր ողորմությունից, իր շնորհքից․․․ Ուրեմն այս