Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասածներս միտներդ պահեցեք և ձեր սիրտը, ձեր լեզուն մաքուր պահեցեք...

Արությունը բարոյական խրատներ շատ էր լսած, բայց այս փոքրիկ խրատն իր բովանդակությամբ, և ասելու ձևի շնորհիվ՝ այնպիսի ազդեցություն գործեց նրա քնքուշ և հավատով ու ջերմեռանդությամբ լի սրտի վրա, որ քիչ մնաց լաց լինի․․․

Հիրավի, մի կախարդական ազդեցություն ուներ տեսուչը բոլոր աշակերտների վրա, թե մեծերի և թե փոքրերի։ Նրա շարժվածքը, նայվածքը, խոսվածքը, բոլոր իր անձնավորությամբ որոշվում էր ոչ միայն բոլոր դաստիարակներից, այլև քաղաքի ամբողջ հասարակության բոլոր մարդկանցից։ Նա պատկառելի էր թե՛ դպրոցում և թե՛ դուրսը, թե՛ հայերի և թե՛ օտարների առջև, թե՛ զարգացածների և թե ՛տգետների համար։ Նրա բնավորությունից՝ իբրև մի օրինակ՝ մի անցք կարելի է բերել։ Մի չար աշակերտ կար, շատ չար, անուղղելի մի սրիկա։ Այդ աշակերտին պետք էր պատժել։ Այդ ժամանակ պատիժ կար, թեև մեղմ, բայց վարժապետները տեսչից թաքուն պատժում էին անխնա և բարբարոսաբար։ Մի քանի վարժապետ և վերակացոք հազիվ կարողացան չար աշակերտին ներս գցել դահլիճը և դուռը ծածկել։ Դահլիճում, գրասեղանի մոտ նստած էր տեսուչը։ Երբ որ չար աշակերտին ներս մղեցին ուժով, տեսուչը գլուխը չբարձրացրեց, տղայի երեսին չնայեց, չբարկացավ, չհանդիմանեց, այլ քթի տակին ինչ-որ ասաց շատ մեղմ կերպով, որից չար տղան կարմրեց ու սփրթնեց և ի վերջո այն աստիճան գառը դառավ մի քանի րոպեի մեջ, որ ինքն իր կամքով գնաց պահապանին ասաց, թե տեսուչը հրամայել է, որ իրան տասը զարկ տա։ Երբ որ պահապանը պատրաստվում էր արդեն իր պարտավորությունը կատարելու, տեսուչն ուղարկեց վերակացվին, որ հայտնե նրան, թե ներված է նրա հանցանքը... Այդ սրիկա աշակերտը վերջը դարձավ մի օրինակելի աշակերտ...

Մեր նորեկները նստեցան երկրորդ դասատան առաջին բաժնումը։ Մի քանի օրից հետո Արությունը շուտով աչքի ընկավ։ Կրոնի վարժապետ քահանան նրան տեղափոխեց երկրորդ բաժինը։ Նա սովրեցնում էր համառոտ քրիստոնեական