Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու շինծու և չի համապատասխանում մարդուս բնականապես զարգանալու օրենքներին։

Ուսուցանող ուսանողները իրանք ցանկանալով ավելի լավ յուրացնել իրանց սովորածը, ցանկանալով վարժվել նաև դասավանդության մեջ, ճշմարիտ է խամություն շատ էին անում, նոր փորձեր էին փորձում, բայց առհասարակ պարապում էին շատ բարեխղճաբար։ Ազատ և տոն օրերին էլ՝ ավելի շատ հոգով զբոսնելու էին գնում միասին, և այդ ժամանակն էլ նրանց խոսակցությունը մեծ մասամբ լինում էր կրթական, օրինակ՝ բացատրություն բնության այս կամ այն երևույթի, մի պատմական անցք, մի երևելի մարդու կենսագրություն և մի նոր գյուտի պատմություն, դատողություն ժողովրդի մեջ արմատացած նախապաշարմունքների մասին, որ նրանց ավելի հեռու էր տանում, և սկսում էին հեշտությամբ լուծել վերացական շատ խնդիրներ, առանց կասկածելու, որ նրանց վրա շատ փիլիսոփաներ են գլուխ կոտրել և գտել են անվճռելի։ Ուսման հոտը մատաղ գլուխներն էր ընկել և մի քիչ հարբեցրել։

Հիմա պետք է երևակայել, թե ինչ կզգար այժմ Արությունը, Ալբերտի աստվածաբանության տակ ճնշվելուց հետո։ Ի՞նչ կզգա մեկը, երբ չոր ու ավազոտ անապատում երկար թափառելուց հետո՝ ընկնի մի դալար հովիտ՝ լի ականակիտ աղբյուրներով, հոտավետ ծաղիկներով, բնության ամեն բարիքով և կենդանությունով,— ահա այսպիսի մի զգացումն տիրեց Արությունին։ Բնություն և մարդ, որոնք մի բառով կարող են և կյանք անվանվել,— ահա այդ կյանքը չուներ նրա ստացած ուսմունքը։ Բնագիտության անխախտ օրենքները, թվաբանության ճիշտ կանոնները, պատմության երևելի անցքերը, աշխարհագրության գեղեցիկ նկարագրությունները, բանաստեղծական սրտաշարժ գրվածքները, թեև փոքր սահմանի մեջ, իբրև մի փնջիկ միայն, բայց բավական է մի մատաղահաս և դեռ փոքր գլխի մեջ ահագին հեղաշրջում ձգելու։

Ես Արությունին այդ ժամանակ,— գուցե և անհարմար, չհոգեբանական,— նմանեցնում եմ աղբով պարարտացրած մի հողի, որի մեջ ընկած ամեն մի բեղմնավոր սերմը կարող էր միույն հարյուր տալ։ Հիրավի՛, ի՞նչ էին նրա մինչև այս ժամանակ