Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորածները, ստացած տպավորությունները, հավաքած տեղեկությունները, լսած առարկաներն ու առասպելները, եթե ոչ ճշմարիտ ուսմունք աճեցնելու համար շատ օգտակար աղբ, որ եթե առանց բարի սերմի մնար, մոլեխոտ կբուսցներ և կապականեր նրա ուղեղը։ Ոչ ոք իր միտքը չի հեղաշրջիլ, եթե հեղաշրջելու ոչինչ չունի նա իր մտքումը։ Գիտությունով ճոխանալու պահանջը այնքան սաստիկ էր Արությունի մեջ, որ նա թեև դեռ անորոշ ու մութ, զգաց, որ մարդս կատարյալ մարդ չէ, եթե նա չէ զարգացած մտավորապես այնքան, որքան որ ընդունակ է զարգանալու մարդ արարածը իր ժամանակին։ Բախտավորապես աճելության ընդունակ դարձրած լավ միտք ուներ ինքը, թե ի ծնե և թե ծննդից հետո։ Գտնվեցան մարդիկ, որ թեև անգիտակցաբար, այդ մտքի մեջ ձգեցին բեղմնավոր սերմեր։ Ասում եմ՝ անգիտակցաբար, որովհետև շատ անգամ քամին ու ջուրն էլ են մի սերմ մի տեղից մյուս տեղ փոխադրում, շատ անգամ թռչուններն էլ են միևնույն պաշտոնը կատարում։ Շատ վարժապետներ ոչ այլ ինչ են, եթե ոչ մի տեղից մյուս տեղ մի սերմիկ փո¬խադրողներ։

Քանի որ ուսումը տրվում և ստացվում է փոխառփոխ, այդտեղ գլխավոր առարկան անուշադիր է մնում, այն է՝ անհատի զարգացումը, նրա մտքի բեղմնավորվողը։ Մանկավարժությունը ձգտում ունի այդ նպատակին հասնելու, բայց դեռ հասած չէ. որովհետև ժողովուրդների դաստիարակության ղեկը մանկավարժության ձեռին չէ, նա մի հրամանակատար է միայն, ինչ լավ բան որ անում է՝ թաքուն է անում․․․ Առայժմ քանի որ անհատը կարող է զարգանալ միայն ինքն իրան, ներքին ուժովը, բավական է՝ եթե մանկավարժը սանիկի այդ ներքին ուժերը չթուլացնե, ինչպես որ թուլացնում են մեր ժամանակումը՝ մանուկների թույլ ուսերի վրա բարձելով անտանելի և անկրելի բեռն, որի տակ նրանք ընկճվում, ոչնչանում են։

Համադամ կերակուրները ո՞ւմ չեն դյուր գալ, բայց դրա համար քաղց և ախորժակ է պետք, այլև մարսելու ընդունակ մի ստամոքս։ Արությունն ուսման քաղց և ախորժակ ուներ, նա անխտիր կուլ էր տալիս ամեն ինչ և մարսում էր։ Բայց