Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնում է անմատչելի. փորձում է ճկունությունը, գտնում է այնքան ճկուն, որ կարող է կլորել և դնել ծորումը։

— Այս է ահա իմ թուրը,— ասում է և շինելու վարձը վճարում:

Երբ որ թուրը իր ձեռքով դնում է պատյանի մեջ, նա այնպես է ամրանում, որ էլ հանել չէր կարող, եթե ուզենար, բայը այդ չի իմանում ինքը։ Այդ խորամանկությունը բանեցրել էին վարպետները, որ ճանապարհին ձեռքիցը խլեն իբրև անծանոթ ավազակներ։

Ծերունին ճանապարհ է ընկնում։ Ճամփի կիսումը վարպետները հասնում են հետևիցը և ուզում են թուրը խլել: Ծերունին ուզում է պաշտպանվել, ուզում է թուրը պատյանից հանել, դուրս չի գալիս։ — Էհ, վնաս չունի, թող դուրս չգա,— ասում է ծերունին,— եթե սա իմ թուրն է, պատյանով էլ կկտրի։

Այս ասելով՝ վրա է բերում թուրը պատյանով, և երկուսի էլ գլուխը թռցնում է։

Այդ ժամանակները դեռ վառոդը չէր գտնված. քաջերի սահմանը իրանց թուրն էր։ Երբ որ ծերունու որդին՝ Ռուշանը հասունացավ և հայտնի դարձավ Քյորողլու անունով, և հոր պատրաստած թրին տիրացավ, նա ոչ միայն շատ լավ հասկացավ նրա հարգը, այլ այնպես սիրահարվեց վրան, որ վերջը մի երգով գովաբանեց նրան, ինչպես և իր Ղռաթին:

Ահա այդ երգը.

Իմ աչքիս լույս, իմ հոգիս, թո՛ւր,
Դու իմ անգին ալմազ մաքուր, թո՛ւր
Չկա ոչինչ աշխարքումս
Որ քեզ համար չինի ամուր, թո'ւր...
Թո՛ւր, թո՛ւր, թո՜ւր...
Իմ սիրական թուր։
Քո մեջն է իմ ուժն ու հոգին,
Դու ես շունչ տալիս իմ կյանքին, թո՛ւր,
Առյուծը դաոնում է աղվես,
Երբ շողում ես դու իմ ձեռքին, թո՛ւր:
Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ գովական թո՜ւր: