Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՆԱՀԻՏ

Ա

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում է այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը իր ընդարձակ ծառաստանով՝ որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այլ թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին:

Մեկ անգամ Վաչե թագավորի միամոր որդին՝ Վաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթնած, նայում էր իրանց այդ ծառաստանին։ Եղանակը գարնանային էր և առավոտյան արևաբացին։ Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները՝ կարծես խոսք մեկ արած՝ հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն և իրար հետ մրցեն։ Մինն իր սրինգն էր փչում, մյուսն իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր տանում։ Սոխակն էր այդ խոսողը՝ բյուլբյուլն Աղվանից, սիրահար