Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


սրտերի միակ մխիթարիչը։ նա որ սկսում էր նվագել իր բյուրաղի քնարը, իսկույն լռում էին մյուսները, և ականջները սրած՝ նրան էին լսում և նրա դայլայլիկի բյուրավոր ելևէջներից դաս առնում։ Մինը սովորում էր նրա ծլվլոցը, մյուսը նրա կլկլոցը, մինը շվշվալը, մյուսը սուլելը, և մեկ էլ հանկարծ ամենքը միասին, միախառն ձայնով սերտում էին իրանց սովորած եղանակները։

Արդյոք սրա՞նց էր ականջ դնում Վաչագանը այնպես լուռ, այնպես ակնապիշ։ Ոչ... Ուրիշ հոգս, ուրի՛շ ցավ կար նրա սրտումը. սրանք միայն սաստկացնում էին նրա ցավը և խոր տխրության մեջ ձգում նրան։

Այս տխուր մտմտուքից հանեց Վաչագանին նրա մայրը՝ Աշխեն թագուհին, որ այդ պահուն մոտեցավ նրան և մոտը նստելով հարցրեց.

— Վաչիկ, ես տեսնում եմ, որ դու սրտումդ մի ցավ ունիս, բայց թաքցնում ես մեզանից։ Որդի, ասա ինձ, ինչո՞ւ համար ես այդպես տխուր։

— Մայր, ճշմարիտ ես ասում,—պատասխանեց որդին,— աշխա՛րհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են՝ Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել. ուզում եմ ես էլ գնալ այնտեղ։ Մա՛յր, դու չգիտես, թե ի՛նչքան լավ գյուղ է այդ Հացիկը։ Այնտեղի թե՛ տղերքը և թե՛ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես՛ կմնաս հիացած։

— Ուրեմն նրա՞ համար ես գնում Հացիկ, որ այնտեղ տեսնես քո սրամիտ Անահիտին։

— Մա՛յր, դու ո՞րտեղից գիտես նրա անունը։

— Մեր պարտիզի սոխակները բերին ինձ այդ համբավը։ Սիրելի Վաչիկ, ինչո՞ւ ես մոռանում, որ դու Աղվանից թագավորի որդին ես։ Թագավորի որդին կա՛մ թագավորի, կա՛մ մեծ իշխանի աղջիկ կուզի և ոչ թե մի գեղջկուհի։ Վրաց թագավորը երեք աղջիկ ունի, կարող ես ընտրել նրանցից որին կամենաս։ Գուգարանց Բդեշխն ունի մի շատ գեղեցիկ աղջիկ, որ իր միակ ժառանգն է, իր հարուստ կալվածների միակ