Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիրուհին։ Սյունյաց իշխանն ունի դարձյալ մի շատ սիրուն աղջիկ. վերջապես մեր հազարապետի Վարսենիկն ի՞նչ պակաս աղջիկ է,— մեր աչքի առջև մեծացած, մեր ձեռքով կրթված...

— Մայր, ես արդեն ասացի, որ պիտի երթամ վանք, բայց եթե դուք ուզում եք, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա գիտացեք, որ իմ ուզածը միայն և միայն Անահիտն է...

Այս ասաց Վաչագանը և ամոթից կարմրելով վազեց դեպի պարտեզ, ինչպես մի ծանր բեռնից ազատված փախստական գերի...

Բ

Վաչագանի քսան տարին նոր էր լրացել։ Նա երկայնացել էր իրանց պարտեզի բարդիների նման, բայց շատ քնքուշ, դժգույն և վատառողջ էր։ Մանկությունից կրոնական կրթություն ստանալով մեծն Մեսրոպի աշակերտների մոտ, մտադիր էր իր վարդապետների օրինակին հետևել—քաշվել մի վանք, աշակերտներ պատրաստել և քարոզության նվիրվիլ:

Բայց նրա այդ ձգտումը հակառակ էր իր ծնողաց կամքին, ըստ որում ինքն էր նրանց միակ զավակը, ինքն էր Աղվանից թագավորության միակ ժառանգը։

«Որդյակ իմ Վաչագան, — ասում էր հայրը շատ անգամ,— դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դո՛ւ պետք է մեր տան ճրագը վառ պահես, մեր օջախի հիշատակը՝ կենդանի: Պետք է ուրեմն ամուսնանաս, ինչպես որ աշխարհիս օրենքն է»:

Որդին միայն կարմրում էր հոր այդ առաջարկությունը լսելիս և չէր իմանում ի՞նչ պատասխան տա, ըստ որում ամուսնության վրա նա չէր մտածել և չէր էլ ուզում մտածել: Բայց հայրը նրան հանգիստ չէր տալիս և նույն առաջարկությունը, ավելի գրավիչ խոսքերով նա անում էր շաբաթը մի քանի անգամ։ Հոր այդ ստիպմունքներից ազատ մնալու և նրան ուշ-ուշ տեսնելու համար, ինքն իրան որսորդության տվավ Վաչագանը, թեև զբոսասեր չէր, այլ ավելի սիրում էր շարունակ տանը նստել և կարդալ։ Այնուհետև առավոտները վեր էր կենում շատ վաղ և ընկնում սար ու ձոր և երեկոները