Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քո ականջներն ավելի սուր են, քան թե աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում։

— Ո՛չ, սխալ չեն լսում, աղջիկն ինքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է։

— Շատ լավ, բայց դրանից ի՞նչ դուրս եկավ, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ոչ մի մազ չպակսեցրեց, և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց։

— Ուրեմն դու երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարիր և նրանով բարձրացրու քո իշխաններին։

— Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինակ, որ կարելի չէ տալ ոչ մի իշխանի։ Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները։ Դու չգիտե՞ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին՝ հովվական նշան է։

— Հովվակա՛ն, բայց ոչ թե նախրչական։

— Հովիվն ու նախրչին ինչո՛վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածեցնում, իսկ նախրչին՝ ամեն ինչ,— ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ ուղտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերից չէ բաղկացած, այլ շատ տեսակ կենդանիներից։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ աստված ամենից շատ նախրչիներին է սիրել. ի՞նչ են եղել Աբրահամ, Մոսես, Դավիթ, եթե ոչ մի-մի նախրչի։Ո՞վ էր աստծուն ավելի սիրելի, Եսա՞վը, որ մեր նման որսորդ էր, թե՞ Հակոբը, որ նախրչի էր։ Իմ կարծիքով նախրչի են եղել աշխարհ իս բոլոր արդար մարզիկը, Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի։

— Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխան. քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս։ Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը. ասած է՝ «աչքի սիրածը տգեղ չի լինիլ։ Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ մի երկրագործի աղջիկ, դու չէիր ասիլ, որ Կարենը երկրագործ էր, բայց կասեիր «երկրագործ էր եղել աշխարհիս