Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավորին։ նա Անահիտի գովասանքը՝ իր կարծիքով՝ չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե՝ բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կողմից լինի, որ Վաչագանի մուրազն անկատար չմնա։ Ահա այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը:

Ե

Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը թե նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր։ Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ։ Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան։ Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով։ Գյուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին։ Մեծ−մեծ իշխանները տխրեցան, թե ինչո՞ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց: Վաճառականները ծիծաղում էին, թե երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու՝ մի աղքատի աղջիկ է ուզում։ Պակաս չէին և սրախոց մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան նրան։

Ահա թե ինչ էին ասում այդ սրախոսները.

— Բաբիկ, ասում են՝ մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե՞լ ես...

— Այդպես չէ, սիրելի Սադոկ, դու սխալ ես լսել։ Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում։ Հիմա մենք որ հիմար լինինք, մի՞թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին։ Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն. այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել։