Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս դնելով՝ մեծամեծ ընծաներով ուղարկեցին Հացիկ՝ հարսնախոսության։

Երբ որ դրանք հասան նախրչի Առանի տունը, Առանը նրանց սիրով ընդունեց և շնորհավորեց նրանց գալը։ Անահիտը տանը չէր։ Հյուրերը նստեցին սրահումը՝ մի նոր գորգի վրա, որ Առանը փռեց իսկույն և ինքն էլ նստեց նրանց կշտին:

Խոսակցության նյութը ամենից առաջ դարձավ նոր գորգը, որ իր գեղեցիկ նախշերով, գույների պայծառությունով և գործվածքի նրբությունով գրավեց հյուրերի ուշադրությունը:

— Այս ի՜նչ հրաշալի գորգ է,— ասաց Վաղինակը, տանտիկինդ կլինի գործած անշուշտ։

— Ո՛չ, ես կին չունիմ, ահա հինգ տարի է, որ կինս վախճանվել է։ Այդ գորգը մեր Անահիտի գործածն է։ Բայց ինքը չի հավանում, ասում է՝ իմ ուզածիս պես չդուրս եկավ։ Մեկ նորը շինել է, ահա՝ այն ծածկված ոստայնն է, հույս ունի,որ այն պիտի իր ուզածի պես դուրս բերե։

— Մեր թագավորի պալատումն էլ չկա մի այսպիսի զարդ, ասաց իշխաններից մինը, հետո դառնալով Առանին՝ ավելացրեց.— շատ ու ուրախ ենք, որ քո աղջիկն այսքան շնորհալի է։ Քո Անահիտի համբավը մինչև թագավորի ականջն է հասել։ Եվ ահա՛ մեզ ուղարկել է քեզ մոտ խնամախոսթյան։ Թագավորը կամենում է, որ քո Անահիտը տաս իր մինուճար որդուն Վաչագանին, որ իր թագաժառանգն է։

Իշխանն այս առաջարկությունն անելով սպասում էր, թե Առանը կամ չի՛ հավատալ, կամ թե՝ սաստիկ ուրախանալուցը վեր կթռչի տեղիցը։ Բայց Առանը ո՛չ այս արավ և ոչ այն, այլ գլուխը քաշ գցեց և սկսեց ցուցամատը գորգի նախշերով սահեցնել։ Նրան այդ մտածությունից հանեց Վաղինակը ասելով.

— Ինչու՞ տխրեցիր, Առան եղբայր, մենք քեզ ուրախություն ենք բերել և ոչ տխրություն։ Մենք քո աղջիկը բռնի տանելու չենք։ Այդ կախված է քո միակ կամքից, եթե կուզես՝ կտաս, չես ուզիլ չես տալ, մեզ հարկավոր է միայն, որ դու ուղիղն ասես, թե դու ինչպես կկամենաս տա՞լ, թե չտալ։

— Իմ պատվական հյուրեր,— պատասխանեց Առանը,- ես շատ շնորհակալ եմ, որ մեր տեր թագավորը իր ճոխ