Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավան է աղջկա ասած։ Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին.

— Ուրեմն դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա՞ համար, որ նա արհեստ չգիտե։

— Այո, և այս ամենը, ինչ որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել արհեստ չգիտցող մարդու չգնալ: Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և առաջ մի արհեստ սովորի։

Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին։ Նույն գիշերը մնացին Առանի տանը: Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպես նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել։ Իշխանները տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե նա այդ սովորել է թագավորի պալատական վարպետից։ Մյուս օրը վեր կացան գնացին և ինչ որ տեսել, լսել էին, մի առ մի պատմեցին թագավորին։ Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան, կարծելով թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից, բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին՝ նա ասաց.

— Շատ ուղիղ է ասել Անահիտը. ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ։

— Ուրեմն դու հոժա՞ր ես մի արհեստ սովորելու,— հարցրեց մայրը։

— Այո՛։

— Բայց ուղիղն ասա, ինչո՞ւ համար ես ուզում սովորել․ արհեստի կարևորությո՞ւնն զգալով, թե՞ Անահիտին արժանանալու համար։

— Երկուսն էլ... ինչո՞ւ թաքցնեմ,— պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիլը ծածկե իր ծնողներից...