Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեռյալը՝սրացած ծնոտիքը հազիվ շարժելով՝ հեկեկալով ու կակազելով՝ ասաց. — Եկե՛ք իմ հետևիցս, ես ձեզ ցույց կտամ, թե ի՞նչ տեղ եք ընկել դուք։ Գնացին մի նեղ անցքով և մտան մի ուրիշ բույն. այնտեղ տեսան սառը գետնի վրա վայր թափված մերկ մարդիկ, որոնք աղեկտուր տնքոցցով փչում էին իրանց վերջին շունչը։ Այդտեղից անցան մի ուրիշ որջ, և այնտեղ տեսան կարգով շարված ահագին կաթսաներ, որոնց մեջ կերակուր էին եփում մի քանի մեռելագույն մարդիկ։ Վաչագանը մոտեցավ այդ կաթսաներին, որ տեսնե ի՞նչ է նրանցում եփվածը, և երբն տեսավ, քստմնելով ետ քաշվեց, և ընկերներին չասեց,թե ի՞նչ էր տեսածը։ Այդտեղից մտան մի ավելի երկար սրահ, և այդտեղ տեսան զանազան արհեստավորներ խառնիխուռն աշխատելիս. մի քանիսը մի-մի բան էին ասեղնագործում,մյուսները նրանց կողքին մի-մի բան էին հյուսում, մի քանիսը կար էին անում, մյուսները ոսկերչություն։ Այսպես հարյուրաչափ մարդիկ այստեղ աշխատում էին աղոտ լույսի տակ, ամենքն էլ մեռելի գույն առած։ Այս ամենը ցույց տալուց հետո՝ առաջնորդող մարդը կրկին տարավ նրանց առաջվա սրահը և այնտեղ ասաց. — Այն դիվական ծերունին, որ ձեզ խաբել բերել է, մեզ ամենիս էլ նա է բերել այստեղ։ Թե քանի ժամանակ է, որ ես այստեղ եմ, ինձ հայտնի չէ, որովհետև այստեղ օր ու գիշեր չկա, այլ կա միայն մի անվերջ խավար։ Այսքանը միայն գիտեմ, որ ինձանից առաջ և ինձ հետ եկող մարդիկ կոտորվել են ամենքն էլ։ Այստեղ բերում են երկու տեսակ մարդիկ, արհեստավոր և անարհեստ։ Արհեստավորներին աշխատեցնում են մինչև իրանց մահը, իսկ արհեստ չգիտցողներին տանում են սպանդանոց, որ ես ձեզ ցույց չտվի և այնտեղից բերում են այն խոհանոցը, որ դուք տեսաք: Ահա մի այսպիսի զարհուրելի տեղ է այս տեղը։ Ծերունի դևը մենակ չէ, նա ունի հարյուրավոր գործակիցներ, որոնք ամենքն էլ քուրմեր են։ Այս դժոխքի վրա է նրանց բնակարանը: — Դու այս ասա, հիմա մեզ ի՞նչ են անելու,— հարցրեց Վաչագանը։