Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Միևնույնը կանեն, ինչ որ մյուսներին։ Ով որ ձեզանից, արհեստ գիտե, կապրի մինչև մեոնիլը, իսկ ով որ չգիտե, նրան կտանեն սպանդանոց։Ես հիմա մեռելատանն եմ, ըստ որում հայտնեցի, որ է՛լ աշխատելու ուժ չունիմ։ Բայց աստված հոգիս չի առնում, երևի ուզում է ինձ լույս աշխարհի արժանացնել. և գիտե՞ք, ես հավատում եմ, որովհետև երազումս ինձ երևաց մի կինարմատ' գլխին թագաձև սաղավարտ, ձեռին երկսայրի սուր, մի հրեղեն ձիու վրա նստած և ասաց ինձ. Մի՛ հուսահատվիր, Վաղինա՛կ, ես կգամ շուտով և ձեզ ամենիդ կազատեմ»։ Ես վաղուց մեռած կլինեի, եթե այդ հրաշագեղ թագուհին ինձ հույս տված չլիներ. նրա տված հույսը իմ հոգուս սնունդ է տալիս, և ինչքան թույլ եմ մարմնով, այնքան ուժեղ եմ հոգով։ Ա՜խ, իմ Վաչագան, ո՞րտեղ ես, ինչո՞ւ ես մոռացել քո Վաղինակին... Վաչագանը, որ մինչև այս ժամանակ մի թմրած վիճակի մեջ էր և պատմողի խոսքերը միայն դնգդնգացնում էին նրա ականջի թմբուկը առանց տպավորվելու մտքի վրա, վերջին խոսքերից սթափվեց նա իբրև մի խոր քնից, և սկսեց հիշել երազի նման «Թագուհի», «Վաղինակ», «Վաչագան» բառերը։ Ուրեմն սա մեր Վաղինակն է», մտածեց նա։ Այս մտածելով և ուշքի գալով ուզում էր վրան ընկնիլ և գգվել, ուզում էր հայտնել, թե ինքն է Վաչագանը, բայց մեկ էլ չհավատալով իր ականջին՝ կրկին հարցրեց, թե ո՛վ է նա և ի՞նչպես է ընկել այստեղ։ Վաղինակն իր պատմությունն սկսեց շատ հեռվից և Վաչագանին անծանոթ առարկայից։ Իսկ այդ միջոցին Վաչագանն սկսեց մտածել, որ լավ չի լինիլ, եթե ինքը հանկարծ հայտնե իր ով լինիլը, ըստ որում մի այդպիսի հայտնություն՝ թե՛ ուրախություն և թե' կսկիծ լինելով կարող էր սրի պես կտրել նրա կյանքի բարակացած թելը։ Այս պատճառով ընդհատեց նրա պատմությունը, ասելով. — Քո անունդ, ինչպես լսեցի, Վաղինա՞կ է։ — Վաղինակ է, այո՛ , Վաղինակ... ես մի ժամանակ... — Եղբայր Վաղինակ, շատ խոսիլը քեզ շատ վնաս է: Ապրի՛ր մինչև քո երազը կատարվի։ Ես հավատում եմ քո երազին և շնորհակալ եմ, որ հայտնեցիր մեզ։ Այսուհետև