Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դիպակագործության շնորհիվ։ Իմ սիրտս էլ ասում է, որ այս րոպեիս ես լսում եմ իմ թագավորի ձայնը. այդ ձայնը հենց առաջին անգամ լսելիս թափանցել է սրտիս մեջ։ Քայց արդյոք հավատա՞մ իմ ականջին, ի՞նչ կասես, ասա ինձ կտրական։

— Ո'չ, ոչ, մի հավատար. բայց հավատա՝ այն ձայնին, որ դրսից կլսես։ Ականջ դրեք, ահա՝ ձայներ են լսվում, կարծես դժոխքի դուռն է դղրդում, երևի փրկիչն արդեն մոտեցել է. իմաց տվեք ամենքին, որ գան այստեղ պատրաստ կենան...

ԺԳ

Անահիտը երբ որ բանտարկեց ծպտած քուրմին, իսկույն փչել տվավ պատերազմական փողերը։ Ահագին փողերի այդ հանկարծական որոտալը հայտնի նշան էր, որ մի մեծ վտանգ է պատահել աշխարհին։ Մի ժամ չանցած՝ բոլոր քաղաքացիք թափվեցին պալատի առջև և այդտեղ սկսեցին խռնիլ ու տատանիլ լճացած հեղեղի պես։ Ոչ ոք չէր իմանում, թե ի՞նչ է պատահել, ամենքը շնչասպառ միմյանց էին հարցնում և ոչ մեկից մի որոշ պատասխան չէին ստանում։ Հանկարծ պատշգամբի վրա երևաց Անահիտը՝ ոտից մինչև գլուխ սպառազինված, և դեպի ժողովուրդը դառնալով՝ այսպես խոսեց.

«Ձեր թագավորի կյանքը վտանգի մեջ է։ Այս րոպեիս իմացա, թե ինչ տեղ է ընկել։ Նա գնացել էր իր երկրի մեջ պտտելու, որ ժողովրդի կարիքներն ու հոգսերն աչքովը տեսնի։ Չար մարդկանց է հանդիպել և ընկել է մի տարտարոսի մեջ։ Էլ ուրիշ բան չունիմ հայտնելու ձեզ առայժմ Ժամանակ չպետք է կորցնել։ Ով որ սիրում է իր թագավորին, ում համար թանկ է նրա կյանքը, շուտով ձիավորվի և գա իմ հետևից։ Մենք պետք է կեսօր չեղած՝ հասնենք Պերոժ քաղաքը։ Ես արդեն պատրաստ եմ և ձեզ եմ սպասում։ Դե՜հ գնացե՛ք և շուտով պատրաստվեցեք»:

Մի ակնթարթի մեջ ցրվեցավ ժողովուրդը՝ գոչելով՝ կեցցե՛ թագավորը, կեցցե՛ թագուհին, և մի ժամ չանցած, արդեն ամենքը զինված պատրաստ էին։ Քաջասիրտ օրիորդներն ու տիկիններն էլ երբ որ իմացան, թե թագուհին պիտի