Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՜վ հզոր աստվածնե՜ր, ձեր սուրբ տաճարը պղծվու՜մ է, օգնությու՜ն հասցրեք...

Այս ձայնի վրա մեհյանի դուռը բացվեց և նրա միջից դուրս թափվեցին մի խումբ սպառազինված դաժանատեսիլ մարդիկ։ Սրանք քուրմերն էին, որոնք վերահաս վտանգը տեսնելով՝ անձնապաշտպանության էին պատրաստվել։ Քրմապետը հրամայեց նրանց, որ դուռը պահպանեն և ոչ ոքի թույլ չտան մոտենալ։

Անահիտի համբերությունը հատավ սաստիկ բարկությունիցր։ Դարձրեց ձիու գլուխը և ետ նայելով՝ տեսավ, որ քաղաքի վրա ամպի պես փոշի է բարձրացած, իմացավ, որ զորքը մոտեցել է։ Այդ հանգամանքից ավելի ևս սրտապնդվելով՝ ուզեց ինքը մենակ վերջացնել ամեն բան և մի րոպե առաջ տեսնել իր Վաչագանին։ Զախ ձեռքն առավ վահանը և աջով սուրը հանելով, դարձավ դեպի քուրմերը և գոչեց.

— Վերջի՛ն անգամ հրամայում եմ ձեզ զինաթա՛փ լինել և բանա՛լ այդ դժոխքի դուռը։

Քուրմերը պատրաստվեցին դիմադրելու։ Անահիտի իմաստուն ձին իմացավ տիրուհու մտադրությունը. մի թեթև ասպանդակի հարված ստանալուն պես՝ կոխկռտեց քավթառ քրմապետին և հարձակվեց քուրմերի վրա։ Կայծակի արագությամբ երեքի գլուխը թռցրեց Անահիտը և իսկույն ետ մղեց ձին։ Քուրմերը նրան շրջապատեցին և վիրավորեցին ձին։ Անահիտը պաշտպանողական դիրք բռնեց, բայց ձին իր հարձակմունքը շարունակում էր. նա միանգամից թե՛ առջևից և թե՛ հետևից էր հարձակվում և հարվածներ էր, որ տալիս էր աքացիներով։ Քուրմերը կռվում էին ամենահուսահատ և կատաղի կերպով։ Անահիտի կյանքը անխուսափելի վտանգի մեջ էր։ Այդ որ նկատեցին քրիստոնյաները, քուրմերի քամակից հարձակվեցին։ Քուրմերը շփոթվեցին և երեսները դարձրին, որ պաշտպանվին։ Անահիտը՝ օգուտ քաղելով այդ հանգամանքից, կրկին հարձակվեց և էլի մի քանի գլուխ թռցրեց և մի քանիսին ոտնատակ տվավ։ Կռապաշտները տեսան, որ քրիստոնյաներն օգնում են Անահիտին, կարծեցին թե կռիվը կրոնական է, իսկույն անցան քուրմերի կողմը և սկսեցին քարե կարկուտ թափել քրիստոնյաների վրա։ Այդ