Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն տարի միայն մեկ քաղաքից՝ եթե քիչն ասեմ՝ հարյուր մարդ է անհայտացել, բայց ես միշտ կարծել եմ, թե լեռնեցիք են գերի տարել։ Այդ գարշելի քուրմերին մենք ոչ միայն սուրբերի տեղ ենք ընդունել, այլև կարծել ենք, թե դրանք շատ ժրաջան և արհեստասեր մարդիկ են, իրանց ձեռքի աշխատանքովն են ապրում և ոչ ժողովրդի հաշվով և արյունով։ Ո՞վ կկարծեր, թե այն թանկագին հյուսվածքներն ու գործվածքները, որ դրանք ամենայն օր բերում էին շուկա վաճառելու, իրանց ձեռքի գործքը չի եղել, ո՞վ կկարծեր, որ մեր պաշտած քրմապետը մի կերպարանափոխված դև է եղել և անմեղ մարդկանց արյան ծարավի...

Վերջապես դուրս եկան այդտեղից և գնացին դեպի տաճարը։ Բախեցին տաճարի դուռը, որ քուրմերը բաց անեն և անձնատուր լինին, բայց ներսից ձայն հանող չեղավ։ Դուռը կոտրտեցին զինվորները և ներս գնացին, բայց ներսը մարդ չգտան, վերև նայեցին և մի նոր տեսարան բացվեց նրանց առջև. բոլոր քուրմերը և քրմապետը կախվել էին առաստաղից և դեռ ճոճվում էին իրենց պաշտած հնդկացի կուռքերի դիմաց։ Երբ որ այդ մասին հայտնեցին թագուհուն, նա ասաց.

— Այդ մահը շատ թեթև է դրանց համար, բայց վնաս չունի, թողեք այդպես մնան, միայն թո՛ւյլ տվեք ժողովրդին, որ ներս գնան և երկրպագություն տան իրանց սուրբերին։

Դրսումը ամբոխված և գրգռված մարդիկը հեղեղի պես ներս թափվեցին և կատաղի կերպով հարձակվեցին կուռքերի վրա և ջարդուփշուր արին իրանց երեկվան պաշտած աստվածներին։ «Ի՞նչ հեշտ են ջարդվում այս գարշելիները, մինչդեռ մենք կարծում էինք, թե անհպելի և անմատչելի են», ասում էին շատերը։ Դուրս տվին բոլոր անոթներն ու սպասները, քարուքանդ արին խորաններն ու ծածկարանները, անթիվ ոսկի և արծաթ գտան, բայց առանց մի բան հափշտակելու և գողանալու՝ ամեն ինչ տարան թափեցին հրապարակի մեջ թագուհու առջև, իսկ թագուհին կարգադրեց, որ քուրմերի բոլոր այդ ունեցած չունեցածը բաժանվին դժոխքից ազատվածներին։ Երբ որ մեհյանի մեջ էլ ոչինչ չմնաց, ամեն ինչ տակն ու վրա արին՝ իրանց արդար զայրույթի վերջին մրուրը թափեցին խեղդամահ եղած քուրմերի գլխին։