Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցած բերին դժոխքի արբանյակներին և ամենքին կտոր կտոր անեչով դուրս նետեցին պարսպից, որ գազաններին լափ դառնան:

Մնացած անելիքը թագուհին հանձնեց իր հարյուրապետներից մեկին, իսկ ինքը գնաց իր վրանը, ուր նրան անհամբեր սպասում էր Վաչագանը: Երկու սիրելիները նստեցին իրար կողքի և միմյանց նայելուց չէին կշտանում։ Վաղինակը մոտեցավ թագուհուն, համբուրեց նրա ձեռքը, և մյուս կողքին նստելով՝ սկսեց հեկեկալ մորը գտած երեխայի պես։

— Դու ոչ թե այսօր ես փրկել մեզ, իմ աննման թագուհի, այլ շատ օրեր սրանից առաջ, երբ ես տեսա քեզ երազումս, հենց այդ զգեստիդ մեջ։

— Դու սխալվում ես, Վաղինակ,— ասաց Վաչագանը,— թագուհին այն ժամանակը փրկեց մեզ, երբ որ քեզ ասաց. «Ձեր թագավորի որդին արհեստ գիտե՞»։ Մի՞տդ որ դու էլ մի կուշտ ծիծաղել էիր:

— Ա՜խ, ճշմարիտ է. ի՞նչ ասեմ։ Եվ ես, որ այն ժամանակը շատ անհավատ էի, միայն հիմա եմ սկսել հին լսածներիս հավատալ։ Մեսրոպ վարդապետը, որ մեզ քարոզում էր, թե՝ «Եթե Քրիստոս դժոխք չիջներ, դժոխքը չէր կործանվիլ», ես նրա այդ ասածի վրա էլ էի ծիծաղում, բայց հիմա իմ թագավորն անձամբ ցույց տվավ, որ Մեսրոպը ճշմարիտ էր ասում։

— Հանգստացիր, Վաղինակ, այդ մասին մենք հետո շատ կխոսինք,— ասաց թագուհին, նոր արդեն զգալով, որ ինքն էլ է սաստիկ հոգնած։

— Ես ինչպես տեսնում եմ, քեզ նմանապես հարկավոր է հանգստանալ,— ասաց Վաչագանը թագուհուն։— Դու հիմա հանգստացիր, մնացածը ես ինքս կհոգամ։

Թագուհին քաշվեց վրանի մյուս բաժինը, ուր նրա համար փափուկ փռվածք էին արել օրիորդներն ու տիկինները։ Այդտեղ նա հանեց իր զենքն ու զրահը և ուղարկեց Վաչագանին, իսկ ինքը փռվածքի վրա թիկն տալով ուզեց իբր հանգստանալ, բայց նրա երևակայությունն այնպես գրգռված էր, նրա սիրտն այնպես վրդովված, որ հանգստանալ չէր կարողանում։