Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Այսպես ուրախ ճաշելուց հետո, փողերը նշան տվին, որ ժամանակ է ճանապարհ ընկնելու դեպի տուն։ Առաջ ընկան թագավորն ու թագուհին, նրանց կողքին օրիորդներն ու տիկինները, իսկ հետևից բոլոր զինվորները, որոնք միաձայն երգում էին մի ազգային հաղթական երգ։ Երբ որ հասան Պերոժ քաղաքի հրապարակը, բոլոր քաղաքացիք, մեծ ու փոքր, այր ու կին միաբերան աղաղակեցին։

— Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, կորչին քուրմերը, կործանվին կռատունները, քրիստոնյա՜, քրիստոնյա՜ կուզենք լինել։

Թագավորը նրանց պատասխանեց, որ շուտով կգա հայրապետը և նրանց կմկրտե (և հիրավի, երկու օրից հետո եկավ Աղվանից Շուփհաղիշե կաթողիկոսը շատ քահանաներով և եպիսկոպոսներով և բոլոր պերոժցոց տարավ Կուրի եզրը, ուր մերկացան ամենքը և սպիտակ սավանով սփածված մտան գետը, փոքր մանուկներին գրկերն առած։ Կաթողիկոսը մկրտության համառոտ կարգը կատարեց և ամենքին հրամայեց երեք անգամ ընկղմվել ջրումը և գուրս գալ։ Այսպես լուսավորվեցին պերոժցիք քրիստոնեական լուսով։ Բայց մենք դառնանք մեր պատմությանը)։

ԺԳ

Երբ որ թագավորն ու Վաղինակը ողջ առողջ տուն հասան, դրանց դիմավորեց Զանգին, և մերթ մեկի, մերթ մյուսի ոտներին փաթաթվելով՝ այնպես էր վնգվնգում, որ կարծես ամեն բան գիտեր, ամեն բան լսել էր։

Մյուս օրը բանտից հանեցին դիպակավաճառ քուրմին, որ դատեն հրապարակավ և դատապարտեն։ Երբ որ դատավորները ժողովվեցին և ուզում էին դատել նրան թագավորի ներկայությանը, Վաղինակը մոտեցավ և խնդրեց թագավորից, որ այդ դաժան ծերի կյանքն ու մահը իրան հանձնե։

— Դու ինչպե՞ս ես ուզում պատժել սրան,— հարցրեց թագավորը։