Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այդ մասին ես ու Զանգին կմտածենք,— պատասխանեց Վաղինակը։ — Դրա մահվան կերպովը միայն կարող եմ թեթևացնել հիշողությանս մեջ իմ կրած կսկիծը։ Այն գարշելիները հեշտ պրծան, նրանց բախտին չպիտի արժանացնեմ սրան։

— Բայց, Վաղինակ, դու մոռանում ես, որ քրիստոնեին անվայել է վրեժխնդրությունը։ Ինչպես տեսնում եմ, դու սրան տանջել ես ուզում։

— Ո՛չ, ես ուզում եմ միայն, որ դրա սև հոգին Զանգուն հանձնեմ և թողնեմ նրա կամքին, որ ինչպես ուզենա, այնպես հանե...

— Տա՛ր, տա՛ր, շանսատա՛կ արա սրան,— ասացին միաբերան դատավորները։ Թագավորն էլ չուզեց Վաղինակի խնդիրը մերժել։ Վաղինակը քուրմի ձեռները կապոտած, տարավ մի ձորի մեջ և այնտեղ բաց թողնելով, ասաց Զանգուն.

— Զանգի՛, տե՛ս, սա է այն մարդը, որ ինձ քանի տարի տանջել է սոսկալի տանջանքով, ինձ այնպես բան է ուտեցրել, որ դու չես տեսել քո օրումը։ Զանգի՛, տանջի՛ր այս մարդուն, որ մի քիչ սիրտս հովանա։ Դե՜, գազա՜ն է սա, բռնի՛ր, կծի՛ր, պինդ, պի՛նդ...

Զանգին մի ոստյունով հարձակվեց քուրմի վրա և մի ակնթարթի մեջ բուկը հախռելո՛վ խեղդեց և մռմռալով ետ քաշվեց իսկույն։

— Ա՜խ, Զանգի, այդ ի՞նչ հեշտ պրծացրիր դու. այդ անիրավին։ Մի՞թե ես քեզ այդպես ասացի։ Այդպես հո ոչ մի բարեգութ դահիճ չէր անիլ, ինչպես որ դու արիր։

Վաղինակը շատ զղջաց, որ Զանգուն դահճի պաշտոն տվավ և թագավորին գանգատվեց, բայց թագավորը շատ ուրախացավ, որ Զանգին այնքան բարի է եղել։

________

Վաչագան թագավորի այս արկածքի լուրը տարածվեց բոլոր քաղաքներում և գյուղերում։ Այդ մասին խոսում կին մինչև օտար երկրներում էլ և ամենայն տեղ Անահիտի և Վաչագանի գովասանքն էին անում։ Ազգային երգիչները