Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՎԱՐԱԾԻ ՃԱՇԸ



Մի խամ տավարած,
Բավական քաղցած,
Աղբրի մոտ նստած,
Ուտում էր չոր հաց։
— Ցամաք մի՛ ուտիլ,
Ասաց ընկերը։
— «Բա ինչո՞վ ուտեմ,
Ուրիշ բան չունեմ»։
— Դանակո՜վ, եղբա՜յր, դանակո՜վ...
— «Այդ լավ ասացիր.
Դանակով կտրեմ,
Ջրումը թրջեմ,
էլ ցամաք չուտեմ... »:
1882

ՊԱՐՏԻԶՊԱՆ


Ամառն է. կարծես կրակ է բարձրանում
Գետնի երեսից և հուրհըրատում.
Ոչ շունն է հաչում, ոչ ճիճին երգում,
Գորտն էլ է լռել, էլ չի կռկըռում։

Ամենքն էլ փախել, հով տեղ են գտել,
Իրանց բներում լռվել պապանձվել.
Միայն մի հատիկ մարդ է երևում,
Խոր ընկած դաշտում, առվի եզերքում։

Կանգնած է մարդը արևի տակին,
Ոտն ու ծունկը բաց, բահը դրած ուսին,
Մի շապիկ միայն ունի նա հագին
Եվ մի սպիտակ թասակ կա գլխին։