Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ



Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակն երգում անուշակ։

Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը․
Հոկտեմբերը՝ կարմիր գինին,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

1882

ՋԱՂԱՑՊԱՆԻ ՆՆՋԱՐԱՆԸ


Երեք֊չորս հատ ջաղացաքար
Կարգով շարված պտըտվում են,
Իրանց ահեղ գռգըռոցով
Ամբողջ շենքը դղըրդում են.